Ուժեղ քամու հետևանքով Երեւանում վնասվել են տանիքներ, շրջվել՝ ծառեր,մարդ է մահացել (տեսանյութ)
Այսօր ժամը 18:40-ի սահմաններում Երևանի շտապօգնության 1-03 ծառայության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Աէրացիա 12/1 հասցե, ժողովրդին հայտնի Գարդոնի գործարան, որտեղից մարմնական վնասվածքներով Աստղիկ բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին վիրավոր քաղաքացին մահացել է: Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Երևան քաղաքի Շիրակի 4-րդ շենքի բնակիչ, 63-ամյա Բաղդասար Չարկիչյանն էր: Նա այցելելիս է եղել նշված գործարան՝ իր փեսային, երբ տանիքից փոթորիկը պոկել և մեծ թվով մետաղյա թիթեղներ է շպրտել ու հարվածել նրան: Նշված հասցե են ժամանել ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:
----------------------------------------------------------------
Հունիսի 6-ին, ժամը 21։12-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Միքաելյան 33 փողոցի թիվ 1 հատուկ դպրոցի մոտակայքում, քամու հետևանքով, ջարդված ծառը դժվարանցանելի է դարձրել ճանապարհը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ծառի ճյուղերը կտրել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։
***
Հունիսի 6-ին, ժամը 19:59-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 19:35-ից մինչև ժամը 19:45-ն ընկած ժամանակահատվածում քամուց վնասվել են տանիքներ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամուց պոկվել է 3-րդ փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Ն. Խ.) տանիքից (մոտ 15 քմ), 4-րդ փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Ս. Ս.) բակի անասնագոմի տանիքից (մոտ 10 քմ), 5-րդ փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Ա. Գ.) տանիքից (10-15 քմ), 5-րդ փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Ս. Մ.) տանիքից (10-12 քմ), 6-րդ փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Կ. Ա.) տանիքից (մոտ 10 քմ) և դպրոցի տանքից (մոտ 250 քմ) ցինկապատ թիթեղներ:
***
Հունիսի 6-ին, ժամը 19:13-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցի տներից մեկի տանիքը քամուց պոկվել և ընկել է հարևան տան տանիքին, որն իրենից վտանգ է ներկայացնում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը:
Փրկարարները տան (սեփականատեր՝ Ա. Խ.) տանիքի վրայից ապամոնտաժել են Ս. Գ.-ին պատկանող տան տանիքն ամբողջությամբ` մոտ 200 քմ:
***
Հունիսի 6-ին, ժամը 18:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 4ա շենքի մոտակայքում գտնվող ծառը շրջվել է և ընկել էլ.լարերի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ծառը հեռացրել են երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը:
***
Հունիսի 6-ին, ժամը 18:00-ի սահմաններում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաև Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում և շրջակա գյուղեորւմ ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ՝ շրջված տանիքների, ալեհավաքների, կոնստրուկցիաների, ծառերի, վնասված ջերմոցների և էլ. լարերի վերաբերյալ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Հունիսի 6-ին, ժամը 17:14-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի տանիքը քամուց պոկվել, ընկել է գազատար խողովակի վրա և պոկել այն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվար:
Փրկարարներն ապամոնտաժել են Ա. Կ.-ի տան տանիքից մոտ 100 քմ հատված, որն ընկել է գազատար խողովակի (վնասվել է մոտ 100 գմ) և «Mercedes E» մակնիշի 34 AP 703 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա:
ՀՀ ԱԻՆ
....................
Վերացվում են ուժեղ քամու հետևանքները
Հարգելի համաքաղաքացիներ,
Այսօր արձանագրված ուժեղ քամին մայրաքաղաքում տարատեսակ վնասներ է պատճառել և ստեղծել է որոշակի անհարմարություններ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի համապատասխան ծառայություններն արդեն իսկ ձեռնամուխ են եղել քամու հետևանքով պատճառված վնասները շուտափույթ վերացնելու աշխատանքներին:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Երևանի քաղաքապետարան