Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեռնափոխադրումներն ավելացել են 6,8%-ով

Տնտեսություն
737830d8ce2a1de5773a3ac21b49ef27

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն խորհրդակցության ընթացքում ամփոփեց մայիսյան աշխատանքի արդյունքները: Ինչպես ասաց Ս.Վալկոն, նշված ժամանակահատվածում նկատվում էր փոխադրումների դրական դինամիկա: Մասնավորապես  բեռնափոխադրումների ծրագիրը կատարվել է 16,1%-ով, իսկ 2016 թվականի մայիսի նկատմամբ բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 11,1%: Բեռնման մակարդակը 12,7%-ով գերազանցեց 2016 թվականի ցուցանիշը, իսկ բեռնաշրջանառությունն ավելացել է 24,2%-ով:  Արտահանման հաղորդակցությունում բեռնափոխադրումները 2016 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել են 6,8%-ով, իսկ նախատեսված ցուցանիշի հետ համեմատ՝ 2,7%-ով: Փոխադրումները տեղական հաղորդակցությունում անցյալ տարվա մայիսի նկատմամբ աճել են 14,1%-ով, իսկ ներկրումը՝ 7,3%-ով: Աճ է գրանցվել նաև մի շարք որակական ցուցանիշների գծով: Մասնավորապես, 2016 թվականի մայիսի հետ համեմատ գնացքի միջին քաշն ավելացել է 1,2%, լոկոմոտիվի միջին օրական վազքը և արտադրողականությունը ավելացել են 5,8% և 10,8% համապատասխանաբար, իսկ տեղամասային և տեխնիկական արագությունները տարվա կտրվածքով ավելացել են 2,3% և 3,8%: Արագացվել է նաև բեռնատար վագոնի շրջանառությունը՝ կազմելով 2,7 օր՝ նախատեսված 2,83 օրի դիմաց:    Խոսելով գնացքների ժամանակացույցի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ հաշվետու ժամանակահատվածում երկաթուղին սպասարկել է 1068 գնացք, որից 1055-ը՝ ըստ չվացուցակի: Մարդատար գնացքների չվացուցակը կատարվել է 93,3%, ներհանրապետական էլեկտրագնացքներինը՝ 98,4%, իսկ բեռնատար գնացքներինը՝ 99,2%-ով: Ս.Վալկոն հանձնարարեց անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել չվացուցակի պահպանման ուղղությամբ: Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2017 թվականի հաշվետու ամսում գծի բալային գնահատականը բարելավել է 4 կետով՝ կազմելով 86 միավոր: Տարեսկզբից երկաթուղում փոխվել է փայտե 950 նոր և 490 հնամաշ, ինչպես նաև երկաթբետոնե 2,6 հազար նոր և 170 հնամաշ կոճ, նախագծա-կանխարգելիչ վերանորոգում անցել 21 կմ գիծ:   Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց բեռնափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, տեխնիկական միջոցների անվտանգությունը և կայուն աշխատանքը: «ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: