Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմաներենը պահպանվում է հիմնականում մարզերում

Հասարակություն
germ

Այսօր անհրաժեշտ են կրթական բարեփոխումներ, որպեսզի էլ ավելի կարեւորվի օտար լեզուների դերը: Այդ նպատակով այսօր անցկացվեց «Գերմաներենը՝ հնարավորությունների լեզու» խորագրով գերմաներենի ուսուցիչների 3-րդ համաժողովը: Կազմակերպիչներն էին Հայաստանի գերմաներենի ուսուցիչների միությունը,  ՀՀ-ում ԳԴՀ դեսպանությունը, Վ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ գերմաներենի ամբիոնի, ՀՀ-ում  Ավստրիայի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունները: Հայաստանի գերմաներենի ուսուցիչների միության փոխնախագահ Էլիզա Ղազարյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ գերմաներենը ՀՀ-ում կարեւոր լեզուներից մեկն է, թեեւ վերջին տարիներին սովորողների թիվը նվազել է. «Դա պայմանավորված է անգլերենի բումով՝ հաղթարշավով, սակայն ԵՄ ինտեգրվելու ճանապարհին, կարծում եմ, որ գերմաներենը անտեսել չի կարելի: Այս առումով մենք փորձում ենք ժամանակին համընթաց միջոցառում ունենալ: Նման միջոցառումները մեզ մոտ պարբերական բնույթ են կրում: Այս համաժողովը նախորդ երկուսից առանձնանում է նրանով, որ հայկական կողմն է փորձել իրագործել այն, նախորդ երկու անգամը «Գյոթե»-ի ինստիտուտն է իրականացրել»: Նրա խոսքով՝ գերմաներեն դասավանդվում է հիմնականում մարզերի դպրոցներում՝ Գեղարքունիքի մարզում, Արթիկում, իսկ Երեւանում հազիվ 4-5 դպրոց կա. «Պատճառն այն է, որ մարզերում կա արդեն ավանդական դրվածք գերմաներենի, սակայն այնպես չէ, որ մարզերում էլ չի նվազել հետաքրքրվածությունը... նվազել է: Առաջ շատ ավելի մեծ էր պահանջարկը, թեեւ հիմա էլ հետաքրքրվածությունը գնալով աճում է՝ բուհերում գերմաներեն սովորել ցանկացողների թիվն է ավելանում: ԵՊԼՀ-ում ես գերմաներենի ամբիոնի վարիչն եմ, եւ պետք է ասեմ, որ կա ուսանողների հստակ թիվ, ասենք՝ տարեկան մոտ 50 ուսանող, որոնք սովորում են գերմաներենը՝ որպես մասնագիտական լեզու: Գերմաներենը՝ որպես 2-րդ կամ 3-րդ լեզու ուսումնասիրողների թիվն ավելանում է, խմբերն ավելանում է: Դա նշանակում է՝ մարդիկ աստիճանաբար հասկանում են գերմաներենի դերն ու նշանակությունը կարիերայում ու իրենց մասնագիտական աճի համար»: Համաժողովին զուգահեռ ընթանում էր նաեւ գերմաներենի 7 ուսումնական, ինֆորմացիոն կենտրոնների գրականության ցուցադրումը տաղավարներում: