Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը պիտի հրաժարվի անպտուղ բանակցություններից. Վ. Բադասյան (տեսանյութ)

Քաղաքականություն
badasyan-papyan

Հայկական կողմի պատասխանը ադրբեջանական ցանկացած ագրեսիայի պետք է մի քանի անգամ ուժգին լինի։  Միայն ծանր կորուստներ կրելու դեպքում Ալիևի վարչակարգը կհրաժարվի Արցախը վերցնելու մտքից։ Արցախցի ռազմական և քաղաքական գործիչ Վահան Բադասյանի խոսքով՝ Հայաստանն ի վերջո պիտի հրաժարվի անպտուղ բանակցություններից Բաքվի հետ՝ Արցախն ընդգրկելով իր կազմ. «Այսպես շարունակելով՝ մենք Ադրբեջանին հույս ենք տալիս, որ ինքը գրավի Արցախը։ Ինքը միայն Արցախը չի ուզում գրավել, ինքը և Զանգեզուրն է ուզում, և Վայոց Ձորն է ուզում, և վերջերս էլ Երևանն էր ուզում։ Հիմա մենք պետք է մեր ժողովրդին չվախեցնենք պատերազմով»։ Նրա խոսքով՝ աբսուրդային է, երբ պատերազմով հայաստանցիներին վախեցնում են պետության առաջնորդները։ Պարոն Բադասյանը հիշեցնում է՝ երեք նախագահներն էլ՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, 1994-ին հաղթանակից հետո սեփական ժողովրդին պատերազմով են վախեցնում։ Դա, ըստ նրա, անհեռատեսության արդյունք է. «Եթե ուզում ես խաղաղություն, ուրեմն պետք է պատերազմի լավ պատրաստվես, և պատերազմից չպետք է վախենաս, եթե այն քո դռանը չոքած է։ Այսօր պատերազմ չի լինելու, եթե մենք լավ պատրաստված լինենք»։ Խոսքը ոչ միայն բանակի մասին է, այլ առաջին հերթին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության. «Աշխատանքներ պետք է տանել դիվանագիտական, կրթական, մշակութային և տնտեսական ոլորտներում»։ Քաղաքագետ Արա Պապյանը ուշադրություն է հրավիրում մեկ այլ հանգամանքի վրա՝ վերջին շրջանում Ադրբեջանն ընդդեմ հայկական ուժերի օգտագործել է մինչ օրս չկիրառած զինտեխնիկա՝ հետակառավարվող հրթիռներ՝ «Սպայկ». «1988-ի ցույցերից Ադրբեջանն է մշտապես էսկալացիայի դիմել և ցավոք սրտի մենք աստիճանաբար վարժվում ենք դրան։ Ադրբեջանը միանշանակ ցույց տվեց, որ անվստահելի երկիր է, որը երբևէ չի հարգել և չի հարգելու իր իսկ պարտավորությունը և խոստումները»։ Արա Պապյանն անտրամաբանական է համարում այս պայմաններում Ադրբեջանին տարածքներ զիջելը։