Ինչու մանկապարտեզի շենքն օտարվեց Ալեքսանյան ընտանիքին (տեսանյութ)
Երևանի կրթական հաստատությունների տնօրենների գործունեությունը կհայտնվի ԵԼՔ դաշինքի խոշորացույցի տակ, եթե վերջինս հաղթի ավագանու ընտրություններում։ Խորհրդարանական ընտրություններում ի հայտ եկան փաստեր, ըստ որոնց՝ կրթական հաստատությունների տնօրենները Հանրապետական կուսակցության համար ձայներ են հավաքագրում։ ԵԼՔ դաշինքի կողմից ավագանու թեկնածու առաջադրված Անահիտ Բախշյանի խոսքով՝ իրենք բացառելու են վարչական ռեսուրսի չարաշահման հնարավորությունը. «Հանրակրթության մասին օրենքում գրված է, որ քաղաքական քարոզչությունն արգելվում է։ Այն տնօրենները, ովքեր աշխատանքի ժամին հեռախոսով պատմում են իրենց հավաքագրած ցուցակների մասին, նրանք խախտում են օրենքը, ապօրինի գործունեություն են անում»։ Խոսելով արված աշխատանքից՝ Անահիտ Բախշյանը հիշեցնում է, որ իր ջանքերի արդյունքում մանկապարտեզներում երեխաների հերթագրումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով։ Սակայն նա դժգոհ է այն մասով, որ առաջարկն ամբողջովին չի իրականացվել. «Այդ էլեկտրոնային ցուցակները պետք է դրվեն մանկապարտեզների կայքում, որտեղ յուրաքանչյուր ծնող կհետևի իր երեխայի առաջխաղացմանը։ Այդ բազաները կան, ինչո՞ւ չեք հրապարակում, եթե ամեն ինչ թափանցիկ է, անկաշառ է»։ Անահիտ Բախշյանը խնդրահարույց է համարում նաև մանկապարտեզների գործունեության կասեցման որոշումները։ Օրինակ է բերում Մալաթիա Սեբաստիայում գտնվող «Սեբաստիա» մանկապարտեզը. «Այն կառուցվել էր խորհրդային շրջանում, բավականին լավ մանկապարտեզ էր, շատ սիրուն տեղ, այգում մեջ, բայց լուծարվեց։ 2012 թվականից հետո այն չի աշխատում։ Շենքն օտարվել է Ալեքսանյան ընտանիքին»։ Անահիտ Բախշյանը վստահեցնում է՝ իրենց հաղթանակի դեպքում Երևանում կրթական ոլորտը անճանաչելիորեն փոխվելու է։