Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի անշարժ գույքի շուկան սպասողական վիճակում է

Տնտեսություն
ansharj-guyq

Հայաստանի անշարժ գույքի շուկան  ներկայիս տնտեսական և քաղաքական անորոշությանը արձագանքում է սպասողական դիրքորոշմամբ:  Նման կարծիք «Ա1+» -ի հետ զրույցում հայտնեց «Ակցեռն» անշարժ գույքի կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը: Նրա խոսքով, էական դինամիկա կարելի է ակնկալել միայն այն դեպքում, երբ երկրում առկա է բարենպաստ և կանխատեսելի գործարար միջավայր, երբ պետությունը հարկային և օրենսդրական այլ կարգավորումներով խրախուսում է, այլ ոչ թե խոչընդոտում բիզնեսին:  «Բարենպաստ պայմանների առկայության դեպքում միայն ներդրողը, այդ թվում սփյուռքահայությունից, շահագրգռված կլինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալել Հայաստանում և որպես հաջորդական էֆեկտ, ձեռք բերել այստեղ կորպորատիվ և բնակարանային գույք»,- ասաց Հ. Բաղդասարյանը: Ըստ նրա, անշարժ գույքի շուկան առաջինն է արձագանքում ընդհանուր տնտեսության վատթարացմանը և վերջինը՝ նրա լավացմանը: «Ուստի պահանջարկի որոշակի աճ ակնկալում ենք աշնանը, երբ ներքին և արտաքին ներդրողների համար, այդ թվում սփյուռքահայությունից, Հայաստանի տնտեսական և քաղաքական իրավիճակը կդառնա ավելի  կայուն և կանխատեսելի»,- ասաց նա: Կորպորացիայի նախագահը նաև հավելեց, որ պահանջարկի ավելացմանը կնպաստի նաև տոկոսային պայմանների մեղմացումը հիփոթեքային շուկայում, սակայն այստեղ պետք է զգուշանալ  միջոցների արժեզրկումից և որպես հետևանք, կտրուկ գնաճից: «Ներկայումս միջին հիփոթեքային տոկոսադրույքը Հայաստանում դոլարային արտահայտությամբ 10 տոկոս է, դրամային արտահայտությամբ՝ 12 տոկոս, մինչդեռ եվրոպական երկրներում այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 2 տոկոս: Մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ հանրապետության հիփոթեքային շուկայում միջին տոկոսադրույքը աստիճանաբար նվազի,  մոտակա 5 տարիների ընթացքում հասնելով 7 տոկոսի»,- ամփոփեց «Ակցեռն»  Հ. Բաղդասարյանը: Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների,  ՀՀ-ում  1 քառ/մետր  բնակմակերեսի միջին շուկայական գինը 2017 թվականի առաջին եռամսյակում 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0,1 տոկոսով:  Գնանկումը անշարժ գույքի շուկայում պայմանավորված է եղել մարզերում՝ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գների համեմատաբար էական նվազումով՝ 1,2 տոկոսով, կազմելով միջինում 88,4 հազար դրամ, մինչդեռ մայրաքաղաք Երևանում բնակարանների գինը նվազել է  ընդամենը 0,6 տոկոսով, կազմելով  272.8 հազար դրամ քառ/մետր: Էական նվազում չի արձանագրվել նաև անհատական բնակելի տների գներում: Երևանում դրանց արժեքը նվազել է 0,4 տոկոսով, կազմելով 285.6 հազար դրամ քառ/մետր, իսկ մարզերում նվազել են 0,1 տոկոսով, կազմելով 93,5 հազար դրամ: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում՝ 2017 թվականի առաջին եռամսյակում անշարժ գույքի հետ իրականացվել է 35 946 գործարք, որոնց քանակը 2016 թվականի առաջին եռամսյակի համեմատ նվազել է 6,3 տոկոսով: Իրականացված գործարքների մեծ մասը կազմել են օտարումները՝ 26,6 տոկոս կամ 9 562, որոնց քանակը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ  նվազել է 8.5 %-ով: Օտարման գործարքի 69,8 տոկոսը կամ 6674  կազմել է առուվաճառքը: Երևանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 65,5 տոկոսն արձանագրվել է բնակարանների նկատմամբ, որոնց քանակը  տարվա կտրվածքով աճել է 11,1 տոկոսով: