«Արամն այն մարդը չէ, որ զինվոր ծեծի» (տեսանյութ)
Թեեւ ժամկետային զինծառայող Ռուդիկ Գրիգորյանը որեւէ բողոք չունի լեյտենանտ Արամ Աղայանի դեմ, սակայն նա դատապարտվել է 2 տարի 6 ամսվա ազատազրկման՝ «զինվորի առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք պատճառելու համար»: Գործով տուժողի հայրը՝ Վելիխան Գրիգորյանը, նշեց, որ որդին ու Արամ Աղայանը շատ մտերիմ հարաբերությունների մեջ են եղել: «Արամ Աղայանը, էլի եմ ասում, եթե չակերտավոր, եթե նույնիսկ ինչ- որ բան է տեղի ունեցել, ինքն այն մարդը չէ, որ զինվոր ծեծի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Վելիխան Գրիգորյանը: Արամ Աղայանի պաշտպան Արայիկ Պապիկյանի խոսքերով՝ այս գործի ընթացքը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է գործը չքննել: Եւ եթե ասեն գործի քննությունը ընթացել է խախտումներով, ապա կարող են ոչինչ չասել: Խախտումները շատ-շատ են: Դատարանը Արամ Աղայանի վճիռը կայացնելիս հիմք է ընդունել ծառայողական բնութագիրը եւ այն, որ դատապարտված է եղել: «Վճռում, բացի իրավաբանությունից, ամեն ինչ կար»,- ավելացնում է Արայիկ Պապիկյանը: Դեպքը տեղի է ունեցել Արցախի զորամասերից մեկում՝ 2015 թվականի սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը։ Ըստ դատավճռի՝ լեյտենանտ Արամ Աղայանը, հայտնաբերելով, որ շարքային Ռուդիկ Գրիգորյանը դեռ զորանոցում քնած է, հրելով փորձել է արթնացնել: Սկսվել է վիճաբանություն եւ քաշքշոց։ Ռուդիկ Գրիգորյանը նշել է, որ Ստեփանակերտի հոսպիտալում բարձր ջերմությամբ պառկած է եղել, երբ այցելել են Ռազմական ոստիկանության աշխատակիցները: Նրանք 3-4 ժամ մնացել են իր մոտ, ինքն էլ ստիպված տվել է ոստիկանների ցանկալի հաղորդումը: Հոսպիտալ ընդունվելիս Ռուդիկ Գրիգորյանի վրա որեւէ մարմնական վնասվածք չի եղել, մինչդեռ զորամասից հաղորդում է ներկայացվել քիթը կոտրելու վերաբերյալ: Վերաքննիչ դատարանը Արամ Աղայանին արդարացնելու բողոքը մերժել է: Վճռաբեկ դատարանից էլ պաշտպանը ակնկալիքներ չունի: Հույս ունեն, որ ՄԻԵԴ-ում հասնելու են հաջողության: