Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսահայերի ու հայաստանցիների տարբերությունը (տեսանյութ)

Հասարակություն
Ari-tun

Անի Սոմոնյանն  ու Ռուբեն Դանիելյանը Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքից են։ Հայաստանում առաջին անգամ չեն ու արդեն հասցրել են հայերի ու ֆրանսիացիների նմանություններն ու տարբերությունները հասկանալ։ «Ֆրանսիան ավելի մեծ է, բայց ոչինչ, որ Հայաստանը փոքր է։ Ես օրինակ նկատել եմ, որ հարգանքը նույն տեսակի չէ։ Օրինակ, Հայաստանում, որ երկու արեւելահայ կխոսին՝ ախպերով են խոսում, կարան ասեն. «Ախպեր ո՞ւր է էդինչ տեղը» եւ միանգամից «դու»- ով են խոսում, բայց Ֆրանսիայում ասում են՝ «Բարեւ Ձեզ, ներողություն, կարո՞ղ եմ ձեզ մի բան հարցնել»,-ասում է Ռուբենը։ Ֆրանսահայ բարերար Սարգիս Բեդոյանն, ով արդեն 10 տարի շարունակ Փարիզի,  Այֆորվիլի ու Մարսելի երեք հայկական վարժարանների լավագույն աշակերտներին հնարավորություն է տալիս այցելելու Հայաստան, հույս ունի, որ աշակերտները այլ համեմատություններ էլ են անում՝ շրջելով ու ծանոթանալով Հայաստանի պատմությանն ու մշակույթին։ «Նրանք կբաղդադին եւ կտեսնեն, որ եթե 11-րդ դարում ֆրանսիայի մեջ շատ մեծ կաթեդրալներ շինեցին, Հայաստանում արդեն 6-րդ, 7-րդ, 8 –րդ դարերում դրանք արդեն շինված էին, արդեն Էջմիածինը կար»։ Բարերարն ընդգծում է՝ նման այցերից հետո ծնողներն իրենք են նկատում երեխաների մոտ հետաքրքրությունների փոփոխությունը։ «Ծնողքը կասեն՝ ի՞նչ ըրել եք իմ տղուս, հիմա կուզե հայկական TV բանա, ֆրանսիական TV բանալու փոխարեն։ Նա չէր հետաքրքրվի Հայաստանով, հիմա՝ կհետաքրքրվի»։ «Արի տուն» ծրագրի շրջանակներում 66 աշակերտ Հայաստանում կմնա մինչեւ ապրիլի 17-ը։ Անին երազանք ունի, ուզում է այցելել Արցախ, իսկ Ռուբենն անհամբեր սպասում է Սեւանում կրկին լողալու հնարավորությանը։