Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» հյուրընկալվելիս ջախջախեց «Փյունիկին»

Սպորտ
sport-1

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացան 22-րդ տուրի առաջին երկու հանդիպումները: Գյումրիում «Շիրակը» ընդունեց մրցաշարի ետնապահներից «Բանանցին» եւ հաղթեց 1:0 հաշվով: Իսկ ահա մրցանակային տեղերի համար պայքարող Երեւանի «Փյունիկն» իր հարկի տակ 0:3 հաշվով պարտվեց առաջնության առաջատար «Ալաշկերտին»: «Այսօր թիմը լավ խաղաց եւ մենք արժանի հաղթանակ տարանք: Սակայն պետք է շարունակենք առաջադիմել, քանի որ մենք ուզում ենք հաջող խաղալ ոչ միայն Հայաստանի առաջնությունում, այլեւ միջազգային մրցաշարերում, չնայած, դեռ շուտ է խոսել այդ մասին», - երեւանյան խաղից հետո ասաց «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: «Չափազանց տարբեր խաղակեսեր անցկացրինք: Առաջինում, կարելի է ասել, մենք նույնիսկ տարածքային առավելություն ունեինք, իսկ երկրորդում լիովին ձախողվեցին: Իսկ թե ինչու այդպես ստացվեց, դեռեւս չեմ կարող ճշգրիտ պատասխան տալ: Պետք է մանրամասը վերլուծեմ խաղը», - այսպես մեկնաբանեց «Փյունիկ» - «Ալաշկերտ» խաղը դաշտի տերերի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը: