Ինչ է լինում, երբ բանակում բացահայտվում է անձի սեռական կողմնորոշումը (տեսանյութ)
Ուժային կառույցներում սեռական փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականությունը ամենից շատն է դրսևորվում։ Ըստ ուսումնասիրությունների՝ խտրական վերաբերմունք կա դեպքերի 100%-ի պարագայում։ «Բանակում անձի սեռական կողմնորոշման բացահայտումից հետո, նրան ենթարկում են ֆիզիկական բռնության, սեռական անհատական կամ խմբային բռնաբարությունների, ծառայակից ընկերներից նույնասեռական անձինք առանձնացվում են, նրանց տրվում է առանձին տարբերանշանով ափսե», ասում է «Նոր սերունդ» ՀԿ ներկայացուցիչ Նարե հովհաննիսյանը։ Ըստ «Նոր սերունդ» ՀԿ-ի ուսումնասիրության՝ առավել բարդ է իրավիճակը, երբ խոսք է գնում կալանավայրերում ԼԳԲՏԻ անձանց իրավունքերի մասին։ «Քրեակատարողական հիմնարկներում նրանք շահագործվում են որպես սեռական ծառայությններ մատուցող անձինք»։ Տարբերվող կողմնորոշում ունեցող մարդիկ նախընտրում են սեռական պատկանելիության մասին լռել անգամ ընտանիքում։ «Երբ նրանք բարձրաձայնում են, վտարվում են տնից, զրկվում են իրենց ընտանիքի անդամների հետ շփվելու հնարավորությունից», ասում է Նարե Հովհաննիսյանը։ Կրոնական կազմակերպություններն էլ հակված չեն դռները լայն բացել սեռական կողմնորոշման մասին բացահայտ արտահայտվողներին։ «Շատ դեպքերում փորձում են բուժել ԼԳԲՏ անձանց, և շատ դեպքերում նրանք զրկվում են եկեղեցի մտնելու իրավունքից»։ Անհանդուրժողականություն կա նաև լրատվամիջոցների կողմից։ Նրանք հրապարակումներում միայն 20-25%-ն է չեզոք լրատվություն ապահովում։ Թեման արդիական էր Սահմանադրական փոփոխություններից առաջ։ «Նյութերի 60-ից 70%-ը պարունակում են բացասական վերաբերմունք, ատելության խոսքի դրսևորում, մարդու իրավունքների ոտնահարում՝ ուղղված ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին», ասում է փորձագետ Նանե Բագրատունին։ Հայաստանում սեռական փոքրամասնությունների իրավունքների խախտումների մասին տեղյակ են նաև Հայաստանում Գերմանիայի և Չեխիայի դեսպանները։ 2012-ին գալով Հայաստան, Պետր Միկիսկան անակնկալի է եկել։ «2012 թվականին գալով Հայաստան, ես ուղղակի ցնցվեցի այստեղի վիճակից՝ պայթյուններ, կրակոցներ՝ սեռական փոքրամասնությունների դեմ։ Բայց առավել անընդունելի է պաշտոնյաների արձագանքը այդ ամենին՝ բացասական իմաստով։ Ուսումնասիրեցի Հայաստանի օրենսդրությունը, և պարզվեց, որ ձեր երկիրը վավերացրել է միջազգային բոլոր կոնվենցիաները, սակայն դրանք այստեղ ընդամենը թղթի կտորի են վերածվել»,- ասում է Հայաստանում Չեխիայի դեսպանը։ Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Կիսլերն ավելացնում է. «Հասարակության տեսակետը հեշտ չի փոխվում։ Օրինակ Գերմանիայում մինչ 1969 թիվը արգելված էր տղամարդկանց միջև սեռական հարաբերությունը։ Բայց սա չի նշանակում, որ Հայաստանում էլ կտևի նրանց հասարակության լիարժեք անդամ ընդունելու պրոցեսը»։ Դիվանագետներն այս հարցում կարևորում են լրատվամիջոցների դերը, որոնք պետք է լինեն ոչ թե ատելության խոսքի քարոզողներ, այլ նպաստեն հանդուրժողականությունն ու հասարակական համերաշխությանը։