Ապրիլի 6-ը՝ Սպորտի օր
Ապրիլի 6-ը ՄԱԿ-ի որոշմամբ հռչակվել է Սպորտի միջազգային օր: Այդ կապակցությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը վաղը ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում կազմակերպում է «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը, որին մասնակցելու են Եղեգնաձոր քաղաքի և հարակից համայնքների 20 հանրակրթական դպրոցների 1-ինից 3-րդ և 4-7-րդ դասարանների ընդհանուր թվով 200 աշակերտներ: Նշենք, որ «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլերն արդեն ավարտվել են Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում: Երևանի քաղաքային, Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքային և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրապետական փուլերի հաղթող դպրոցների թիմերը ուժերն են չափելու հաջորդ՝ մարզային փուլում, որի հաղթողները մայիս ամսին անցկացվելիք հանրապետական փուլում պայքարելու են մրցաշարի հաղթողի կոչման համար: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար՝ Աստղիկ Մարտիրոսյան Նախարարի ուղերձը՝ Սպորտի միջազգային օրվա առթիվ Մարզաշխարհի հարգարժա´ն ներկայացուցիչներ, մարզասերներ, հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ Սպորտի միջազգային օրվա առթիվ: 2013 թվականի օգոստոսին Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ ապրիլի 6-ը հռչակվել է սպորտի՝ որպես խաղաղության խորհրդանիշի, համերաշխության և հանդուրժողականության գաղափարների կրողի միջազգային օր: Այդ օրվա կապակցությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպել է մի շարք մարզական մասսայական միջոցառումներ՝ ուղղված սպորտում արդար խաղի, թիմային ոգու և արդար մրցակցության գաղափարների տարածմանը: Կրկին շնորհավորում եմ բոլորին և հորդորում զբաղվել սպորտով, մարզվել, լինել առողջ ու կոփված: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյան