Առաջարկվում է ստեղծել մասնավոր ու համայնքային անտառներ (տեսանյութ)
Մարտի 21-ին աշխարհում նշվում է Անտառների պաշտպանության համաշխարհային օրը։ Ինչպիսի՞ն է այսօր հայաստանյան անտառների վիճակը, ինչ բարեփոխումներ ու վերականգնման աշխատանքներ են իրականացվում հարցին Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ»ՊՈԱԿ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ մենք ունենք գյուղական համայնքներին մոտիկ տարածքներ եւ ունենք հեռու տարածքներ, որտեղից պետք է վերցնենք վառելափայտ. «Սակայն տեխնիկական հնարավորություններ չունենք. նման հեռավորությունից փայտ բերելու համար պետք է «Քեմբլ» մակնիշի կռաններ, որ առանց վնասելու փայտը վերցնել։ Գյուղական համայնքների բնակիչներին թույլատրել ենք մոտ տարածքներից մինչեւ 8 խմ փափուկ վառելափայտ վերցնել։ Սա կնպաստի նաեւ ստվերային գործունեությունից դեպի լույս գալ։ Վերջին տարիներին վերականգնվել է 31 հազար խմ անտառ, որից 3700-ը` նոր անտառներ են։ 2008թ. ֆինանսական միջոցները նվազեցին, եւ մեր աշխատանքները դադարեցվեցին, մինչդեռ 2006-2007թթ. տարեկան 7000 խմ անտառ էինք տնկում, իսկ հիմա` միայն 130 խմ։ Այս 2 տարվա համար նախատեսում ենք 5000 ծառ տնկել։ Ինչ վերաբերում է հատումներին, ապա 2004թ. առ այսօր եղել է 490 հազար օրինական հատում, որից 55 հազարը` շինափայտ»: WWF-Armenia կազմակերպության ծրագրի համակարգող, անտառագետ Արթուր Ալավերդյանը ավելացրեց, որ իրենց ծրագրի շրջանակներում 2.5 մլն ծառ են տնկել, ստեղծել 700-1000 աշխատատեղ. «Կարծում եմ` պետք է ստեղծել մասնավոր ու համայնքային անտառներ, դա կբերի մրցակցության ու հավելյալ եկամուտների։ Ապօրինի հատումների առումով էլ պետք է բարելավենք մոնիթորինգի մեխանիզմները։ Ի վերջո, պետք է հիշենք` կլիման հնարավոր է բարելավել անտառապատման միջոցով, այլապես անապատացման լուրջ խնդրի առաջ կկանգնենք»: Քննարկմանը մասնակից անտառների գծով փորձագետ Սիրանույշ Գալստյանն իր հերթին նշեց, որ վառելափայտի պահանջարկը նվազեցնելու համար կարեւոր է, որպեսզի սկսեն օգտագործեն արեւային էներգիան, ստեղծվեն բրիկետներ։