Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը Գինեսի ռեկորդների երկու նոր թեկնածու ունի  

Հասարակություն
sport-gines

Հայ ջութակահար Նիկոլայ Մադոյանը հույս ունի այս տարի դառնալ Գինեսի գրքի ռեկորդակիր: Նա անցած փետրվարին 33 ժամ 2 րոպեում ջութակով կատարել է 59 մանրանվագ՝ յուրաքանչյուր ժամը մեկ ընդմիջելով 5 րոպե: Նիկոլայ Մադոյանը մեկ ժամով գերազանցել է նախկին ռեկորդը։   «Ես ավելի շատ ցանկանում էի պարզել, արդյո՞ք նվագելիս հնարավոր է թուլացնել, ապա ակտիվացնել մկանները, մի խումբը փոխարինել մյուսով։ Դրա համար ես հատուկ մեթոդիկա էի մշակել։ Ռեկորդը հետաքրքիր էր նաեւ գեղարվեստական տեսակետից, քանի որ 4 ժամում իրավունք չունեի կրկնել մանրանվագները», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց 43-ամյա ջութակահարը։ Պարզվեց, որ ռեկորդի սահմանման ժամանակ նա մոտ 4 կգ քաշ է գցել, ընդմիջումներին 5 րոպեանոց ընդմիջումներին հիմնականում օգտագործել է հեղուկներ, այդ թովում մեղրաջուր։ Ի դեպ, սա Նիկոլայ Մադոյանի Գինեսի ռեկորդ սահմանելու երկրորդ փորձն է։ 2014թ նա մոտ երեքուկես ժամում կատարել է Պագանինիի բոլոր վեց կոնցերտները։ Գինեսի գրքում գրանցվելու սպասելիքներ ունի նաեւ Տաշիրի մարզի Մեծավան գյուղի բնակիչ Արտյոմ Սոլոյանը։ Նա բռունցքների վրա մեկ րոպեում կատարել է 124 հրում-ծալում վարժություն։     «Հեռուստացույցով տեսնելով այդ ռեկորդը, որոշեցի ինքս փորձել։ Արդյունքում, ինձ հաջողվեց նոր ռեկորդ սահմանել։ Առաջիկայում մտադիր եմ եւս մի քանի նմանատիպ ռեկորդներ գրանցել», - ասաց Արտյոմ Սոլոյանը, որը զբաղվում է բազկամարտով։ Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնեց Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի հայաստանյան ներկայացուցիչ Վարդան Թովմասյանը, 9-10 ամիս հետո պարզ կդառնա, արդյո՞ք այս ռեկորդները հաստատվել են Գինեսի կենտրոնական գրասենյակի կողմից, թե՝ ոչ։