Դատախազությունը դեռ քննարկում է Հաց բերողի խափանման միջոցը փոխելու դիմումը
«Սասնա ծռեր»-ին հաց հասցրած Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դիմումը դեռ քննարկվում է: Դատախազության հանրային կապերի բաժնից «Ա1+»-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշում կայացված չէ: Հիշեցնենք, որ 26 պատգամավոր անձնական երաշխավորագիր է ներկայացրել Գլխավոր դատախազին՝ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու համար: Հաց բերողին ազատ արձակելու պահանջով Ազատության հրապարակում նստացույց են սկսել նաեւ մի խումբ երիտասարդներ: Իր խափանման միջոցը փոխելու պահանջով փետրվարի 10-ից հացադուլ է հայտարարել Արթուր Սարգսյանը: Առողջական բազմաթիվ խնդիրներ ունեցող հաց բերողի առողջական վիճակը գնալով վատանում է: Պաշտպաններն ահազանգում են՝ նա նույնիսկ ինքնուրույն չի կարողանում վեր կենալ անկողնուց՝ սեփական կարիքները հոգալու համար: Իսկ այսօր ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում էինք։ «Հաց բերող Արթուր Սարգսյանը շարունակում է հացադուլը, նրա վիճակը ավելի է վատացել։ ՔԿՀ վարչակազմը երկու անգամ շտապօգնություն է կանչել Հաց բերողին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար, բայց նա կտրականապես հրաժարվել է։ Շարունակում է հրաժարվել որևէ բուժօգնությունից։ Սպասում ենք Հաց բերողի խափանման միջոցը փոխելու մեր պատգամավորական միջնորդությանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պատասխանին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։