Գործադուլ. վարորդները չեն աշխատի, մինչև մրցակցին չհեռացնեն (տեսանյութ)
Երևանի Աջափնյակ թաղամասի բնակիչներն այսօր այդպես էլ 39 համարի ավտոբուսի չհանդիպեցին։ Երթուղին սպասարկող ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել։ «Մեր հիմնական երեք-չորս կանգառը մեր ձեռքից տարել են, որոնք մեզ հիմնական երկամուտ բերող կանգառներն են»,- ասում է Գրիգոր Ավետիսյանը։ Արդեն 4 օր է 39 համարի երթուղու վարորդները նոր մրցակից են ստացել։ Քաղաքապետարանի որոշմամբ՝ այս ճանապարհով են սկսել երթևեկել նաև 12 համարի ավտոբուսները։ «Բերել մտցրել են Անաստասավանի խաչմերուկից Շիրազի փողոցով դեպի սերվիզ, և սերվիզից կալցեվոյ ՝ Չաուշի արձանի մոտ և մտնում է Բաշինջաղյան։ Մենք չենք ասում վերացնենք, բայց ոնց աշխատել էին, ոնց իրենց գիծն էր, թող նենց էլ աշխատեն»։ Վարորդների պնդմամբ՝ նվազել են իրենց եկամուտները և արդեն չեն կարողանում պլանավորված մուծումներն անել։ «Տարբերությունն ասեմ ավելի կոնկրետ, մեզ վերջում մնում էր, էթում էինք տուն։ Հիմա բացի էն, որ չի մնում, մի բան էլ պարտք ենք մնում»։ Մեկ այլ բողոք է հնչում. «Յուրաքանչյուր ավտոբուսի վարորդի մոտ 30-ից 40 տոկոս կրճատվել ա»։ Վարորդները պահանջ են ներկայացնում Երևանի քաղաքապետարանին՝ 12 համարի երթուղին հետ բերել նախկին վիճակին։ Հակառակ պարագայում՝ չեն շտապի կրկին ղեկին վերադառնալ։ «Մինչև 12 համարի ավտոբուսները իրենց երթուղով չգնան, մենք կանգնելու ենք»։ Վարորդներից Գրիգոր Ավետիսյանը ասում է. «Կտրականապես ասում եմ ամբողջ կոլեկտիվի անունից, մինչև էդ հարցը չլուծվի, մենք չենք կարող դուրս գալ աշխատանքի»։ Բացառված է նաև երթուղու ղեկավարության կողմից ուղևորափոխադրման վարձի իջեցումը։ Չի աշխատի նաև վարորդներին ներկայացվող պլանով սահմանված գումարի շեմի նվազեցումը։ «Եթե էս պայմանով աշխատենք, մենք բարեգործներ ենք դառնում ժողովրդի համար։ Իսկ մենք չենք պատրաստվում անվճար բարեգործ լինել, որովհետև մենք էլ ենք ընտանիք պահում, մենք էլ պետք է հաց հայթայթենք, որ մեր ընտանիքը պահենք»։ Երևանի քաղաքապետարանից պարզաբանում են՝ 12 համարի երթուղու մի հատվածը 39-ի հետ զուգահեռելը հարկադրված քայլ է եղել։ Իրենք այդպիսով փորձել են աշխատանքը կասեցրած 31Ա միկրոավտոբուսային երթուղու բացը լրացնել։ Քաղաքապետարանը խոստանում է նաև ամեն ինչ անել՝ 39 համարի ավտոբուսների աշխատանքը վերականգնելու համար։