«Հաց բերողը» հրաժարվել է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվել. ՔԿՎ պարզաբանում
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է հետևյալը։ Ա. Սարգսյանը, փետրվարի 10-ից գտնվելով հացադուլի մեջ, հրաժարվում է նաև առհասարակ որևէ տեսակի բժշկական օգնություն ստանալուց։ Հիմնարկի թե վարչակազմի և թե համապատասխան մասնագետների, ինչպես նաև իր փաստաբանների հորդորները հացադուլը դադարեցնելու և պատշաճ բուժօգնություն ստանալու վերաբերյալ մշտապես մնացել են անպատասխան։ Սպառելով Ա. Սարգսյանին բուժօգնություն տրամադրելու հնարավորություն ունենալու բոլոր եղանակները՝ այսօր՝ ժամը 19:00-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից հրավիրվել է շտապ բուժօգնության խումբ՝ վերջինիս քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու և նրա առողջական վիճակի մասին հավելյալ տեղեկատվություն ունենալու, ապա անհրաժեշտության և հնարավորության դեպքում նաև պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու նկատառումով։ Ա. Սարգսյանը սակայն հիմնարկի վարչակազմի, համապատասխան մասնագետների, իր փաստաբանների և շտապօգնության աշխատակիցների ներկայությամբ հրաժարվել է ինչպես քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց, այնպես էլ վերջիններիս կողմից իրականացվող որևէ բժշկական գործողությունից, ինչի վերաբերյալ կան համապատասխան արձանագրություններ։ Հավելենք, որ այս պահի դրությամբ Ա. Սարգսյանն ունի սթափ գիտակցություն և հստակ խոսք։ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին