Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղացին է որոշելու, թե ինչ գյուղտեխնիկա գնի

Տնտեսություն
traktor

Դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը այլևս չի իրականացվելու. խնայված գումարները ուղղվելու են  լիզինգով տրամադրվող գյուղտեխնիկայի սուբսիդավորմանը:  Այդ մասին  փետրվարի 28-ին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Երևանում կայացած «Ֆերմերային կոնգրես» -ին: Միջոցառումը կազմակերպել է Օքսֆամի հայաստանյան գրասենյակը՝ Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի հետ համատեղ: Նրա խոսքով, դիզվառելիքի սուբսիդավորումը այլևս  նպատակահարմար չէ  շարունակել, քանի որ դրա իրականացումից  ստացած արդյունքը չարդարացրեց  ակնկալիքները: Մինչդեռ, գումարները կարող են ուղղվել ավելի արդյունավետ ծրագրերի իրականացմանը։ «Ծրագիրը կհաստատվի 1-2 շաբաթվա ընթացքթում:  Չի լինի սահմանափակում արտադրվող երկրի տեսանկյունից, այսինքն՝  գյուղացիներն են որոշելու,  թե ինչ գյուղտեխնիկա են գնելու:  Սա թույլ կտա ստեղծել մատչելի ֆինանսական գործիք և  բազային հնարավորություն   կտա ցանկացած գյուղատնտեսության՝  ձեռքբերել մատչելի գնով տեխնիկա»,- ասաց նախարարը: Կապված գյուղտեխնիկայի տեսակից, լիզինգը տրամադրվելու  է 2-ից 3 տոկոս տարեկան տոկոսադրույքով, 3-ից 10 տարի մարման ժամկետով: Կանխավճարը կազմելու է 20 տոկոս : Գյուղնախարարը նաև տեղեկացրեց, որ այժմ մշակման փուլում է պարտադիր կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրման ծրագիրը, ինչը  թույլ է տալիս տնտեսել ջրի ծախսերը, բարձրացնել բերքատվության քանակը և որակը:  «Մենք հիմա մասնագիտացված ընկերությունների հետ հաշվարկ ենք անում, որպեսզի համապատասխան երկարաժամկետ ֆինանսական գործիք մշակվի այդ ծրագրի իրականացման համար»,- հավելեց նա: Նախարարի պնդմամբ, տնտեսվող գումարները նաև կուղղվեն այլ ծրագրերի իրականացմաը, մասնավորապես գարնանացան սերմերի և պարարտանյութի սուբսիդավորմանը: