Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  Ինչ է սպասվում փաստաբաններին ՔԿՀ-ներում (տեսանյութ)

Հասարակություն
unnamed-5-6

  ՔԿՀ—ներում դատապարտյալին այցելող փաստաբաններին սկսել են խուզարկել։ «Փորձ է արվում տոտալ խուզարկությունների և զննությունների։ Ուզում են ստուգել փաստաթղթերը, թե ինչ փաստաթղթեր են տարվում կամ բերվում։ Դա անթույլատրելի է»,- այսպիսին է փաստաբան Տիգրան Աթանեսյանի գնահատականը։ Փետրվարի 17-ին Արամավիր ՔԿՀ-ի աշխատակիցները Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանին են խուզարկել։  Առգրավվել են նրա մոտ եղած քարտեզները։ Տարբեր օրերի նույն ոճով խախտվել են նաև փաստաբաններ Արայիկ Պապիկյանի և Մոնիկա Մարգարյանի իրավունքները։ «Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը նշում է. «Անթույլատրելի է փաստաբանին խուզարկելը։ Ես չգիտեմ իրենց կանոնակարգերի մեջ ինչ է գրված, ինչ են մեկնաբանում, խուզարկություն կամ զննություն, դա նույն ձուն է, պարզապես կողքից նայելով»։ Փաստաբաններն ընդունում են՝ անվտանգության նվազագույն պահանջն է փաստաբանին զննելը։ Բայց դա պետք է խուզարկության չվերածվի։ «Զննել՝ նայելով փաստաթղթերը, դա զրոյացնում է փաստաբանական գաղտնիքը»,- ասում է Տիգրան Աթանեսյանը։ Հենց այս խնդիրն է  նաեւ եղել առաջնային թեմա  փետրվարի 20-ին Արդարադատության նախարարի, ՔԿՎ վարչության պետի ու Փաստաբանների պալատի նախագահի հանդիպման ժամանակ։ Արա Զոհրաբյանն ասում է. «Բանավեճ տեղի ունեցավ,  ՔԿՎ վարչության պետը կարծում էր, որ կարող են փաստաբանին խուզարկել։  Պատճառաբանում էին, որ փաստաբանը կարող է արգելված իրեր տանել և հանձնել կալանավորին։ Փաստաբանի փաստաթղթեր ուսումնասիրելը փաստաբանական գաղտնիքի բացահայտման վտանգ է ստեղծում, իսկ մեր օրենքը այդ երաշխիքները տալիս է»։ Իսկ վերջում արդյունքների մասին հայտարարություն է ընդունվել։ «Ես չեմ ասում, որ այս հայտարարությունից հետո ամեն ինչ հալած յուղի պես կգնա, ես վստահ եմ, որ էլի խնդիրներ ենք ունենալու, բայց առնվազն մեր բարիկադները մի քանի քայլ առաջ տարանք։ Եվ եթե հաջորդ խնդիրը կլինի անպայման կփորձենք համատեղ ուժերով միջամտել և մեր փաստաբանի իրավունքները պաշտպանել»։ Ընդունված հայտարարության տեքսը Տիգրան Աթանեսյանին չի բավարարում։ Այդպիսով՝ խնդիրը լուծում չի ստանում։ «Խայտառակություն է այս հայտարարությունը. համակարգիչների խնդիր վաղուց չկար, լուծված էր նախարարի հրամանով, ինչո՞ւ են այս հարցը բարձրացրել։ Սա ի՞նչ հայտարարություն էր, սա ինչի՞ մասին էր։ Խոսքը գնում էր նրա մասին, որ փաստաբանի մոտ եղած փաստաթղթերը պետք է չզննվեն։ Այս հայտարարությունը հակառակն էր»։ Արա Զոհրաբյանը պատասխանում է. «Հայտարարության տեքստը չի բավարարել նաև քրեակատարողական հիմնարկի շատ աշխատակիցների, իրենք էլ քննադատել են այդ տեքստը՝ սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով»։ Իսկ  փաստաբաններն ասում են, եթե  համատեղ  հայտարարությունից հետո  էլ  իրավիճակը չի փոխվում՝  իրենք պատրաստ են անգամ դիմել գործադուլի։