Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միայն ընտրությունների միջոցով անհնար է ազատվել բռնապետությունից» (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Capture-3

Մեկ տարի առաջ է ջութակահար, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ  Նարեկ Սարգսյանը Գերմանիայից վերադարձել Հայաստան: Այսօր նա Հայ Ազգային Կոնգրեսի հետ փորձում է ազատվել Սերժ Սարգսյանի իշխանությունից. «Տասնյակ ընտանիքներ ուղղակի սովի եզրին են, նույնիսկ պաշտոնական, հետազոտական տվյալներով ամեն 5-րդ երեխան Հայաստանում կիսասոված վիճակում է, այսինքն, անկողին է մտնում սոված»: Նա Հայաստանում տեսնում է դատապարտվածության զգացում, դա պետությանը ոչ մի լավ բան չի խոստանում: Ժողովրդին մղում են նպատակային աղքատության, պատճառը պարզ է. «Հարցրեք ցանկացած ահաբեկչի՝ ինչու՞ է նա մարդ սպանում, նույն բանն է»: Նարեկ Սարգսյանը վստահ է՝ ամբողջ հայ ժողովուրդն է երազում ազատվել Սերժ Սարգսյանի իշխանությունից: Նա ոչ մի երկրում չի տեսել այնպիսի հուսահատություն, ինչպիսին Հայաստանում է: Գուցե այդ պատճառով է մեր երկրում ծաղկում ընտրակաշառքը. «Ի՞նչ եք ուզում մարդուց, որը ունի սովի խնդիր: Ի՞նչ եք ուզում էդ մարդուց՝ զայրույթ, վիրավորանք, սկսած 2008 թվականից ամեն օր մարդը տեսնում է ծաղր, վիրավորանք»: Սակայն ինքը ժողովրդին կամազուրկ չի համարի, որը ոչ թե պայքարում է, այլ սպասում ընտրակաշառքի: Ահաբեկչությունն իր գործն է անում. «Մարդկանց ահաբեկում են, մարդկանց կաշառքի հետ միասին դիմում են շանտաժի, ասում են՝ դու փողի դիմաց կքվեարկես, հետո խաբում են մարդկանց, ասում են՝ այդ քվեարկությունը վերահսկվելու է»: Սերժ Սարգսյանի իշխանությունից, ըստ նրա, հնարավոր է ազատվել: Նա իշխանություն է ձեւավորել բռնի ուժով եւ միայն ընտրությունը բավարար չի լինի նրանից ազատվելու համար. «Բռնի ուժով իշխանության եկած մարդկանցից հնարավոր է ազատվել խաղաղ հանրահավաքների եւ ժողովրդական ճնշման միջոցով»։ Քաղաքական գործիչներից եւ լրագրողներից, ըստ երիտասարդ թեկնածուի, պահանջվում է ժողովրդին հույս ներշնչել եւ նրան ցույց չտալ որպես կամազուրկի, որը չի կարողանում հարց լուծել եւ որի ամբողջ հույսը ընտրակաշառքն է: