ԱԺ պատգամավորներին թույլ չեն տվել տեսնել Հաց բերողին (տեսանյութ)
ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին եւ Էդմոն Մարուքյանին այսօր թույլ չեն տվել տեսակցել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «hաց բերող» Արթուր Սարգսյանի հետ: Պատգամավորներին թույլ չի տրվել տեսնել նաեւ, թե նա ինչ պայմաններում է պահվում: «Եթե անգամ արգելված է շփումը կալանավորված անձի հետ, բայց մեզ թույլ չեն տալիս տեսնել, թե ինչ վիճակում է պահվում: Ըստ էության սա ապօրինի որոշում է»,- ասաց Էդմոն Մարուքյանը: Տարբեր հիվանդություններով տառապող Արթուր Սարգսյանը նաեւ բուժում չի ստանում, քանի որ գտնվում է հացադուլի մեջ: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այսօր պատրաստվում են հանդիպել Գլխավոր դատախազի հետ եւ ներկայացնել այս «աբսուրդ» իրավիճակը: «Դատախազին միջնորդելու են փոխել խափանման միջոցը եւ անձնական երաշխավորություն ենք պատրաստ տալ, որ Արթուր Սարգսյանը հայտնվի ազատության մեջ»,- ավելացրեց Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել էր «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող, Հաց բերող անունը ստացած Արթուր Սարգսյանին: