Ծառուկյանը փորձե՞լ է իր կապերն օգտագործել Լապշինի գործում
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում անդրադարձել է իր ձևակերպմամբ այս օրերին շատ շահարկվող հարցին՝ արդյոք Գագիկ Ծառուկյանը փորձե՞լ է իր անձնական կապերն օգտագործել Ալեքսանդր Լապշինի արտահանձնման գործընթացը կասեցնելու գործում: «Հարցի առնչությամբ ուզում եմ նշել, որ տարբեր շրջանակների կողմից նման հարցադրումը կամ խնդրին չտիրապետելու կամ պարզ ուղղորդվածության միտում ունի։ Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ նման խնդիրները չեն քննարկվում և առավել ևս՝ չեն լուծվում անձնական կապերի համատեքստում։ Սա բացառապես միջպետական հարաբերությունների դաշտ է։ Լապշինի խնդիրը պետք է քննարկվի ԱԳՆ խողովակներով, խորհրդարանական դիվանագիտության և կամ այլ միջազգային ձևաչափերում»,- նշել է գործարարի մամուլի խոսնակը։ Իվետա Տոնոյանը հիշեցրել է նաև, որ խոսքը ՌԴ քաղաքացու մասին է, և «որքանով տեղյակ եմ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բավական ակտիվ զբաղվում է խնդրով»։ Ի.Տոնոյանը հավելել է՝ իսկ անձնական կապերով կամ անձնական հեղինակությամբ կարելի է այլ պետություններից ավելի մեծ թվով գործիչների, տարբեր շրջանակների ներկայացուցիչների հրավիրել Արցախ, «ինչն էլ, հավատացնում եմ Ձեզ, Գագիկ Ծառուկյանը անպայմանորեն կիրականացնի»։