«Համանախագահներից պետք է ակնկալել անվանական արձագանք»
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարաության նշան դնելը միջնորդների ճիգն է կողմնակալ չերեւալու համար, սակայն կան դեպքեր, երբ իրերը պետք է կոչել իրենց անունով։ Առնվազն դատապարտելի է վերջին դեպքը, երբ ԵԱՀԿ առաքելությանը թույլ չեն տվել դուրս գալ իրենց առաջապահ դիրքեր ու մոնիտորինգ իրականացնել»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը։ Ըստ նրա՝ սա Ադրբեջանի սովորական վարքագիծն է, այն ժամանակ, երբ խոսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հավանականության մասին։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից պետք է ակնկալել համարժեք արձագանք՝ հստակ եւ անվանական»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հերթական լարվածությունը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ Ալիեւը Բրյուսելում Եվրամիության հետ նոր բանակցություններ սկսելու մասին է հայտարարում։ Նրա դիտարկմամբ, եթե Բրյուսելը այդ բանակցությունները չօգտագործի հակամարտության կարգավորման շուրջ դրական տեղաշարժեր արձանագրելու համար, ապա փաստը Ադրբեջանի կողմից կչարաշահվի։