Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Համացանցում հայատառ չգրելու պատճառն անգրագիտությունն է»

Հասարակություն
latinatar

2012թ-ից փետրվարի 7-ը նշվում է համացանցում հայատառ գրելու օր։ Նախաձեռնության համահեղինակ Զոհրապ Եգանյանի խոսքերով, երբ նախաձեռնությունը նոր էր սկսվում, չկային հայատառ գրելու տեխնիկական հնարավորություններ, մինչդեռ հիմա ծրագրերը կարելի է անվճար ներբեռնել։ Այսուհանդերձ, դեռեւս համացանցում գերակշռում է լատինատառ հայերենի կիրառումը։ «Եթե փորձենք մոնիտորինգ անել՝ առավել շատ հայատա՞ռ են գրում, թե՞ լատինատառ, ապա կարելի  է դիտարկել ցանկացած նյութի մեկնաբանություն։ Սովորաբար, 8 մեկնաբանությունից 7-ը գրվում է լատինատառ եւ միայն մեկն է հայատառ»։ Տեղեկատվական անվտանգության հարցերով մասնագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով, համացանցում լատինատառ գրելը գրագիտության պակասի հետեւանք է։ Լատինատառ հայերենով գրելու դեպքում ավելի հեշտ է սխալներ չանել։ «Անսխալ գրելու համար պետք է շատ ընթերցել, մինչդեռ հայերեն բովանդակությունը համացանցում քիչ է,  իսկ գրքի վաճառքի առումով Հայաստանն արդեն վաղուց առաջատար երկրների շարքում չէ։ Հետեւաբար, եթե անգամ արգելել լատինատառ գրել համացանցում, շատերի համար լուրջ խնդիր է լինելու։ Բացի այդ, հայերեն տառերն ավելի շատ են, քան լատիներեն տառերը։ Այս խնդիրը կլուծվի, եթե դեռ դպրոցում երեխաներին սովորեցնեն ստեղնաշարով տպել հայերեն»։