Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԱՄ ԱՍԱՏՐՅԱՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ /վիդեո/

Հասարակություն

Երեկ այս ժամին Օշականում կնունքի արարողության մասնակիցների մտքով չէր անցնում, որ կնքահայրը մի քանի ժամից կենդանի չի լինի: Իսկ կնքահայրը հայտնի ժողովրդական երգիչ Արամ Ասատրյանն էր,որը երեկ ժամը 19:00-ի սահմաններում 53 տարեկան հասակում հանկարծամահ է եղել:

Մինչեւ վերջին շունչը, ըստ ականատեսների, երգիչընունեցել է բարձր տրամադրություն:

Խնջույքի մասնակիցներին ասել է, թե պիտի մի լավ ուրախանանք: Բայց դրանից ոչ շատ ժամանակ անց` հենց սեղանի մոտ կորցրել է գիտակցությունը: Նրան անմիջապես հասցրել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Ըստ բժիշկների` Արամ Ասատրյանը սրտի կաթված է ստացել:

Արամ Ասատրյանը ծնվել է 1953թ. մարտի 3-ին Էջմիածնում: Ուներ երեք տղա եւ մեկ դուստր: Որդիներից մեկը վերջերս էր մահացել ավտովթարից` 30 տարեկան հասակում: Հնարավո՞ր է, որ անձնական վիշտը լիներ երգչի մահվան պատճառը: Այս հարցին նրա մամլո քարտուղար Հրաչուհի Երանոսյանը պատասխանեց. «Նա իր կյանքի պրոբլեմների մասին չէր բարձրաձայնում»:

Արամ Ասատրյանը հինգ օր առաջ է, ինչ ԱՄն-ից ժամանել էր Հայաստան, իսկ ընտանիքը շարունակում է ապրել այնտեղ: Նոյեմբերի 10-ին հայկական երաժշտական կենտրոնում տեղի էր ունենալու նրա "My sons" CD-ի շնորհանդեսը: Դրանից հետո նա պատրաստվում էր մեկնել համերգային շրջագայությունների Ռուսաստան եւ Եվրոպա:

Վաղը երգչի ընտանիքը կժամանի Հայաստան` մասնակցելու Արամ Ասատրյանի հուղարկավորությունը: Նախնական տվյալներով` հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 10-ին, ժամը 18-ին` Էջմիածնի իր բնակարանում, իսկ թաղումը կլինի նոյեմբերի 12-ին Էջմիածնում:

Մեզ հաջողվել է ձեռք բերել Արամ Ասատրյանի լուսանկարները, որոնք արվել են նրա մահվանից մի քանի ժամ առաջ, ինչպես նաեւ տեսանյութ կնունքի արարողությունից, որից մի հատված ներկայացնում ենք ձեզ: Այն տեսնելու համար` սեղմեք վիդեո նշանը: