Կիրակի. «Փախստականների հարցը իշխանությունների համար առաջնային չէ» (տեսանյութ)
ՄԱԿ-ի պաշտոնական տվյալներով՝ աշխարհում հարկադրաբար տեղահանված անձանց թիվը 2015 թվականի տարեվերջի դրությամբ մոտ 65 միլիոն է։ ՄԱԿ-ի 1951 թվականի Փախստականների կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիան փախստականների իրավունքների պաշտպանության հիմնական միջազգային փաստաթուղթն է։ Կոնվենցիան վավերացրել է նաև Հայաստանը, այն ուժի մեջ է մտել 1993 թվականից։ Այսօր ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտը «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքն է։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը իր ներկայացուցչությունը հաստատեց Հայաստանում 1992 թ. դեկտեմբերին` աջակցելու Ադրբեջանից գաղթած ավելի քան 360 հազար էթնիկ հայ փախստականների, որոնք Հայաստան էին գաղթել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով: Այսօր նրանց թիվը բազմապատիկ անգամ կրճատվել է։ Հայաստանը վերջին տարիներին հյուրընկալեց նաև սիրիահայերի, ապա՝ 2016-ի ապրիլին Արցախից տեղահանվածներին։ «Կիրակի» հաղորդաշարի այս շաբաթվա թեման փախստականների հիմնախնդիրներն են։ Հաղորդման համար ռեպորտաժներ են պատրաստել «Լոռի» և «Քյավառ» հեռուստաընկերությունները։ Հաղորդման հյուրերն են «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը և ՏԿԶՆ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը։