Փրկարարները չեն մասնակցի ընտրական գործընթացին. ԱԻՆ-ի պարզաբանումը
Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրերս սահմանել է, թե 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններում ընտրողների գրանցման տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետը ինչպիսի մասնագիտական գիտելիքներ ու աշխատանքային ունակություններ պետք է ունենա: Համաձայն որոշման հավելվածի՝ ԿԸՀ-ն կարող է կազմակերպել և անցկացնել լրացուցիչ ուսուցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (այդ թվում առանձնացված ստորաբաժանումների) ծառայողների հետ և շնորհել մասնագետի որակավորում։ Այս փաստին անդրադարձել էր «Իրազեկ Քաղաքացիների միավորումը»՝ ենթադրելով, որ ԿԸՀ-ի համար ցանկալի մասնագետներ են հանդիսանում ԱԻՆ աշխատակիցները: Կազմակերպությունը կարծում է, որ հանրային ծառայողների ներգրավումը ընտրական հանձնաժողովների աշխատանքներին պարունակում է որոշակի ռիսկեր, և մտավախություն ունի, որ վերջիններս կարող են կաշկանդված լինել իրենց տեսած ընտրակեղծիքների մասին վկայություն տալիս: Հարցը «Ա1+»-ի խնդրանքով մեկնաբանել է ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրություններում ընտրողների գրանցման տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների պատրաստման համար իրականացվող դասընթացներին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից մասնակցում են միայն քաղաքացիական ծառայող հանդիսացող մասնագետները, փրկարար ծառայողները որևէ կերպ այդ գործընթացում ներգրավված չեն: Նախօրեին ԱԻՆ-ում կայացած խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով կայանալիք ընտրություններին, ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը խստիվ արգելել է փրկարար ծառայող հանդիսացող աշխատակիցներին մասնակցել ընտրական գործընթացներին»։