Խաղողագործների պարտքը չի մարվում. գործը դատախազությունում է (տեսանյութ)
Քաղցրաշենցիների չվճարված գումարների գործը դատախազությունում է. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը: 2015 թվականից մինչ այսօր «Վինար» ընկերությունը 85 միլիոն դրամի չափով պարտք է Քաղցրաշեն համայնքի խաղողագործներին։ Արտակ Սարգսյանի խոսքով՝ ընկերությունը գումարների ուշացումը պատճառաբանում է շուկա դուրս գալու խնդիրներով. «Գյուղատնտեսության նոր նախարարը խաղող մշակող ձեռնարկությունների ու խաղողագործների հետ նստեց կլոր սեղանի շուրջ, «Վինար» ընկերությանն առաջարկեցին վաճառել կոնյակի սպիրտը այն գնել ցանկացող ընկերություններին և վճարել գյուղացիների պարտքը: Դրանից հետո ընկերությունից սկսեցին ասել, թե հիմա էլ սպիրտ չկա, կամ եղածը քիչ քանակությամբ էր, որի վաճառքից ստացված գումարով իրենց այլ հարցերն են լուծել ու քաղցրաշենցուն էլի ոչինչ չի մնացել: Պաշտոնյան հույս հայտնեց, որ խնդիրը կհանգուցալուծեն իրավապահ մարմինները։