Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գագիկ Ծառուկյանը երաշխավոր է, որ իշխանափոխություն չլինի» (տեսանյութ)

Քաղաքականություն
serzhcarukyan7

«Ռեյտինգային ցուցակը ՀՀԿ-ի համար լինելու է ինքնամաքրման ցուցակ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Նրա խոսքով՝ ռեյտինգային ցուցակում հայտնվելու համար պայքար է գնալու  ՀՀԿ-ականների միջև: Պատգամավորն անդրադարձավ նաև դաշինքներին՝ նշելով, թե դրանց մեծ մասի հիմքում գաղափարախոսություն չկա. «Ես տեսնում եմ, որ գաղափարական հենքի իմիտացիա են ստեղծում, բայց բոլոր դեպքերում անձերը նշանակություն ունեն, ինչպես նաև ռեսուրսները: Դաշինքների ձևավորման պրոցեսը իշխանության գալու համար է, մանդատ ստանալու համար: Կան փոքր կուսակցություններ, որոնց համար նշանակություն չունի, թե ում հետ կմիանան, կարևորը՝ տեղ ունենան ԱԺ-ում»: Քննարկմանը ներկա՝ ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանի կարծիքով էլ ռեյտինգային ցուցակը հենց նրա համար է, որ ՀՀԿ-ն ձայն ստանա. «Առանց ռեյտինգային ցուցակի ՀՀԿ-ն 3 կամ 15 տոկոս ձայն կստանար: Իսկ հիմա այդ մարդիկ կապահովեն ՀՀԿ-ի ձայները: Քանի որ մենք ունենք ձայն ապահովելու ինստիտուտ, ոչ թե քվեարկելու»: Պարոն Խաչատրյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը գնաց խորհրդարանական ընտրություններին իր իշխանության վերարտադրությունը ապահովելու համար. «Եթե խորհրդարանական համակարգը այդքան  լավ բան էր, նա պետք է վայր դներ իր լիազորությունները, բայց մեկ տարի է՝ իշխանությունն իր ձեռքում է: Վերջին 25 տարիների կառավարման արդյունքում մենք ունեցանք մեկ մարդու իշխանություն, որովհետև փորձել են ուժեղացնել իշխանությունը, փոխանակ ուժեղացնեն հասարակությունը, տնտեսությունը: Այս ընտրություններից հետո որակական փոփոխություններ չենք ստանա, վստահության մթնոլորտ չի առաջանա»,-ասաց նա: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ հավելեց, որ այս պահին քաղաքական դաշտում բարձր վարկանիշ ունեն միայն երկու հոգի՝ Կարեն Կարապետյանը և Գագիկ Ծառուկյանը. «Կուսակցական առումով՝ ռեալ շանսեր ունի ՀՀԿ-ն, բայց ոչ թե նրա համար, որ իրեն սիրում են, այլ ունի լուրջ ռեսուրսներ՝ մարդկային և ֆինանսական: Շանսեր ունի նաև Ծառուկյանի դաշինքը, թեև վերջինիս ընտրազանգվածը, որը պատրաստ էր գնալ հեղափոխության կամ արմատական փոփոխությունների, այլևս նրա կողքին չէ»: Սրան ի պատասխան՝ Վիգեն Խաչատրյանը հավելեց, թե Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի համար երաշխավորն է, որ իշխանափոխություն չի լինելու: