Բաքվի փախստականների մի մասը սարսափելի պայմաններում է ապրում (տեսանյութ)
1990-ականներին Բաքվից տեղահանված քանի՞ փախստական կա Հայաստանում, ի՞նչ կարգավիճակ ունեն նրանք, ի՞նչ պայմաններում են ապրում և նրանց ո՞ր մասն է մնացել երկրում։ Այս թեմայով հետազոտություն է անցկացրել «Սովորական Ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը։ «Հայաստանում Բաքվի փախստականները սակավաթիվ են, որոնք մնացել են Հայաստանում։ Հիմնականում ցրվել են Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Եվրոպա։ Մինչև հիմա այդ մարդիկ ապրում են սարսափելի պայմաններում, մամուլն անընդհատ ահազանգում է այդ մասին, բայց այդ խնդիրները դեռ լուծում չեն ստանում, և դա շատ ցավալի է»։ Մարինա Գրիգորյանը միայն գիտի, որ նրանք ընդունում են Հայաստանի քաղաքացիություն և այդ գործընթացը խոչընդոտների չի հանդիպում. «Այդ պրոցեսը գնում է, հիմնականում արդեն բոլորն ստացել են Հայաստանի քաղաքացիություն»։ Այս տարի լրանում է Բաքվի հայերի ջարդերի 27-ամյակը։ Ամեն անգամ տարվա այս շրջանում ադրբեջանցիներն աղմուկ են բարձրացնում՝ պնդելով, թե հայերն իրենց կոտորել են։ «Սովորական Ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գևորգյանի գնահատմամբ՝ դա նպատակ ունի մոռացության մատնել 1990 թվականի հունվարին Բաքվում հայերի ցեղասպանության փաստը. «Մինչդեռ՝ մենք գիտենք, որ մեկ շաբաթվա ընթացքում Բաքվում տանջամահ էին անում հայերին, այրում ողջ-ողջ, բռնաբարում, կողոպտում էին ու բռնի տեղահանում»։ Սակայն ադրբեջանական քարոզչամեքենան հաշվի չի առել մեկ հանգամանք՝ դեռ ողջ են Բաքվի ջարդերի ականատեսները։ Նրանց վկայությունները մեկ նախագծի մեջ հավաքելու համար «Սովորական Ցեղասպանություն» նախագծի հեղինակները Միացյալ Նահանգներում շուրջ 150 ականատես հետ են հանդիպել։ «Նախաձեռնվեց մի նախագիծ՝ «Մեկ դա տևող Ցեղասպանություն» անունով։ Մենք որոշեցինք, որ ինչքան կարելի է շատ վկաների լսել և ներկայացնել նրանց հիշողությունները՝ որպես Բաքվում կատարված ցեղասպանության ապացույց։ Ֆիլմը երեք լեզուներով է, որի հիմքի վրա էլ «Մեկ դա տևող Ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» գիրքն է գրվել»։ Այդ օրերին Բաքվում սպանվածների հստակ թիվը հայտնի չէ։ Մարինա Գրիգորյանի տեղեկություններով՝ այդ թիվը 500 է։