Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անալիտիկ»-ի տնօրենի գործը մակագրվել է այլ դատավորի

Հասարակություն
ani-hovhannisyann-1

«Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործը քննվելու է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Գործը նախապես ուղարկվել էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:  Սակայն դատավոր Մարինե Մելքոնյանը գտել էր, որ դատարանն իրավասու չէ քննել սույն քրեական գործը, հակառակ դեպքում կխախտվի ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավանորմերով երաշխավորված արդար դատաքննության ինստիտուցիոնալ տարրը` իրավասու դատարան ապահովելու պետության պոզիտիվ պարտականությունը: «Հետեւաբար, գտնում եմ, որ սույն քրեական գործն ընդդատյա է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին: Նման եզրահանգումը մեծապես պայմանավորված է գործերի պատշաճ ընդդատությունը  որպես արդար դատաքննության անհրաժեշտ բաղկացուցիչ, հիմնարար իրավական արժեք ապահովելու հիմնարար իրավունքի իրացումը երաշխավորելու պահանջով»,-գրված է դատարանի որոշման մեջ: Գործը մակագրվել է դատավոր Արշակ Վարդանյանին: Ըստ մեղադրանքի՝ Անի Հովհաննիսյանը, լինելով «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն, շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ  լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, որը հանցանքը կատարել է անզգուշությամբ, կատարել է խոշոր չափերի շորթում` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից  պահանջել է խոշոր չափի`  1 մլն  դրամ գումար: «Անալիտիկ» կայքի տնօրենը մեղադրվում է նաեւ   ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ: Ըստ նախաքննության՝  «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազար դրամ: Անի Հովհանննիսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: