Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանական դիվերսիան ունի հատուկ նպատակ (տեսանյութ)

Քաղաքականություն
sahman

3 զոհ Տավուշում` Ադրբեջանի հետ սահմանին։ Վաղ առավոտյան Չինարի գյուղից հարավ-արևելք ընկած սահմանային հատվածում հակառակորդը դիվերսիա է իրականացրել։ Զոհվել են երկու ժամկետայիններ, և մեկ սպա։ «Հակառակ կողմը մեծ կորուստներով հետ է շպրտվել,  մեր տարածքում թողնելով իրեղեն ապացույցներ այն մասին, որ հարձակվող կողմն իրապես եղել է Ադրբեջանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ Քաղաքագետի տվյալներով՝ հարձակումը եղել է մեկ դիրքի ուղղությամբ։ Ադրբեջանցիների կողմից աշխատել են դիպուկահարներ,  կիրառվել են ականանետեր։ «Սա միանգամյա պատահական դիվերսիոն ներթափանցման փորձ չէր, պլանավորված էր։ Եթե կարողացել են այդքան վնաս պատճառել մեզ, նշանակում է՝ շատ երկար պլանավորված գործողություն է եղել և հնարավոր է՝ իրենց լավագույններին են ներգրավվել»,- ասում է նա։ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ՝ ապրիլին հաջողության չհասած ադրբեջանցիների այս դիվերսիան ունի կոնկրետ նպատակ. «Որպեսզի հանկարծ տպավորություն չստեղծվի միջնորդների կամ միջազգային հանրության շրջանում, որ Ադրբեջանը համակերպվել է այս իրավիճակի հետ»։ Հատկանշական է, որ Արցախի խնդրի կարգավորման գործընթացը վերջին օրերին ակտիվորեն է քննարկվում Հայաստանում։ Թեման ակտիվացրեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, լայնորեն քննարկվեց հանրության կողմից, առաջացած հարցերին էլ երեկ անդրադարձավ Սերժ Սարգսյանը։ Բանակցային գործընթացի շուրջ հայաստանյան հանրության հետ չկիսվելը նա արդարացրել էր Բաքվում և այլ մայրաքաղաքներում լսելի չլինելու ցանկությամբ։ Արդյո՞ք դիվերսիան ասվածի ադրբեջանական պատասխանը չէր։ Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանում է. «Ինչու չեմ պայմանավորի, որովհետև նախագահի ելույթը երեկ կեսօրին է եղել, և նման հարձակման պատրաստվելու համար ադրբեջանցիներին միանշանակ շատ ավելի երկար ժամանակ պետք կգար։ Ադրբեջանում կա հստակ մշակված մարտավարություն և դա իրականանում է՝ անկախ հայաստանյան պրոցեսներից»։ Տավուշում ադրբեջանական դիվերսիայի մասին տեղյակ են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Արտգործնախարարության հաղորդմամբ՝ իրավիճակի մասին աշխատանքներ են տարվել միջազգային կառույցների հետ։ Ի դեպ, Արցախի Պաշտպանության բանակն այսօր հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումները, թե հայկական ուժերը Աղդամի ուղղությամբ արկակոծություններով հրդեհել են Ահմեդաղալը գյուղի տներից մեկը։ Տեղեկատվությունը պաշտոնապես որակվեց որպես պարզունակ քարոզչական հնարք։