Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե իշխանության մտքով անցնի հանձնել Ղարաբաղը, ոչ բանակը, ոչ ժողովուրդը թուլ չեն տա» (տեսանյութ)

Քաղաքականություն
1366898776-88

Հայաստանի իշխանության եւ հայ ժողովրդի միջեւ խզումը չափազանց մեծ է, բայց օրհասական պահերին ժողովուրդը թույլ չի տա իր  փոխարեն որոշում կայացնել։ Դա ցույց տվեց ապրիլյան պատերազմը։ «Նույնիսկ եթե իշխանության մտքով վաղը անցնի ցանկություն՝ հանձնել Ղարաբաղը, ոչ բանակը, ոչ ժողովուրդը դա թուլ չեն տա։ Այդ համատեքստում 2016-ը հաջող տարի էր»,-ասում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ը եւ ԵԱՏՄ-ն չեն արտահայտում հայ ժողովրդի շահերը։ Սա ակնհայտ է դարձել անցնող տարվա ընթացքում։ Մինչդեռ  հենց  այս երկու կարեւորագույն կառույցների հետ Հայաստանի իշխանությունները կապում են երկրի ներկան ու ապագան։ «Ադրբեջանը, որը ոչ ՀԱՊԿ-ի անդամ է, ոչ ԵԱՏՄ-ի, ավելի ուժեղ ազդեցություն ունի այդ կազմակերպություններում, քան Հայաստանը, որ անդամ է։ Մասնավորապես, Ադրբեջանը Բելառուսի միջոցով այս տարի կասեցրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը Հայաստանից»։ «Վերջին տարիներին ես մտածում եմ, ըհը, անկախության մի տարի էլ անցավ, մի տարի էլ դիմացանք, որովհետեւ ինքնիշխան պետության շատ դիրքեր զիջվում են սկսած 2013 թ. ԵԱՏՄ-ին բռնակցումից»,-ասում է գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը։ Նրա համար անցնող տարին նշանավորվել  է նախեւառաջ նրանով, որ հանրությունը ցույց տվեց, որ պատրաստ է պաշտպանելու իր իրավունքները։ Հրապարակախոսը նաեւ հուլիսյան դեպքերն է հիշում ու Սերժ Սարգսյանի   գնահատականները. «Հանրությունը չպետք է մոռանա հուլիսի 29-ը։ Օրինակ, կատուների մասին ասում են, որ նրանց օպերատիվ հիշողությունը 8 րոպե է, բայց մյուս կողմից նույն կատուները չեն ներում, եթե իրենց նկատմամբ քիչ թե շատ կոպիտ վերաբերմունք է լինում։ Իրենց հիշողության մեջ, մարմնի մակարդակով դա պահպանում են»։ Անցնող տարվա ընթացքում հանրությունը ցույց տվեց, որ հանդուրժել չի լինելու տարբեր իրավիճակներում, բայց  իշխանության համարժեք  քայլերը դեռ տեսանելի չեն։