Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը կարող է արգելափակել դեպի Հայաստան գազամատակարարումը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gazatar-nkar

Ռուսաստանից Հայաստան գազ տեղափոխող գազատարը կարող է հայտնվել Ադրբեջանի ձեռքում։ Վրաստանի տնտեսական դժվարին վիճակը ղեկավարությանն ստիպել է գազատար խողովակաշարը հանել ազատ վաճառքի։ Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն ասում է. «Վերջին խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետը հայտարարեց այն մասին, որ կառավարությունը պլանավորում է ազատ վաճառքի դնել գազային ընկերության 25% արժեթղթերը ֆոնդային բորսայում, նաև՝  վրացական երկաթուղին։ Դրանով կփորձեն եկամուտներ ստանալ՝ այն ուղղելով իրենց ակտիվների մոդեռնիզացմանը»։ Դեպի Հայաստան եկող գազատարը ոչ շահավետ է Վրաստանի համար, և հավելյալ եկամուտ ստանալու ձգտումն է ղեկավարությանը դրդել այս քայլին։ Գլխավոր հարցը հետևյալն է՝ ինչու  է նվազ եկամտաբերություն խոստացող խողովակաշարը հետաքրքրում ադրբեջանական պետական SOCAR-ին։  «SOCAR-ն այս գազատարով հետաքրքրված  է բացառապես Հայաստանի գործոնով պայմանավորված։ Այն է՝ ինչ-որ ձևով մաս լինել այս նախագծի, վերահսկել, ինֆորմացված լինել նրա մասին, ինչ-որ կա»,- ասում է Էներգետիկայի հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։ Մեծ է վտանգը, որ հայ-ադրբեջանական հնարավոր ռազմական գործողությունների դեպքում Ադրբեջանը կարող է արգելափակել դեպի Հայաստան գազամատակարարումը։ Փորձագետները վստահեցնում են՝ Ֆորսմաժորային իրավիճակում անգամ Հայաստանն առանց գազի չի մնա։ Արմեն Մանվելյանը նշում է. «Իրան-Հայաստան խողովակաշարը հետաքրքիր նախագիծ է, այն աշխատում է։ Այն այդպիսի ֆորսմաժորային իրավիճակում կարող է ամբողջովին ապահովել Հայաստանին գազով։ Բայց ամեն դեպքում ռուսական գազին այլընտրանք չի կարող լինել։ Այն կարող է աշխատել կարճաժամկետ պլանում, բայց ոչ՝ երկարաժամկետ»։ Մեդիակենտրոնի քննարկմանը տեսակապով մասնակցում է նաև Վրաստանի զարգացման ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ Գիա Խախաշվիլին։ Վրացական կառավարությունը լավ հասկանում է գազատարի նշանակությունը Հայաստանի համար։ Խախաշվիլին վստահեցնում է՝ եթե նույնիսկ գազատարն ադրբեջանական ընկերությունը ձեռք բերի, Վրաստանի ղեկավարությունը կերաշխավորի նրա անխափան աշխատանքը։ Դա են ստիպում նրա ստանձնած պարտավորությունները Հայաստանի ու Գազպրոմի առաջ։