Փոթորիկի պատճառով Փոթի նավահանգիստը լաստանավեր չի ընդունում
Լարսի անցակետը հատել է Հայաստանից դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող շուրջ 240 մեքենա, ինչպես նաև դեպի Հայաստան բեռնափոխադրում իրականացնող 185 մեքենա: Այս մասին այսօր ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանը: Արդեն մեկ շաբաթ այս հատվածում կուտակվել էր 500-ից ավելի բեռնատար։ Նախարարը վստահեցրեց, որ Լարսի խնդիրը իր վրացի գործընկերների մշտական ուշադրության կենտրոնում է: «Քննարկվում են այլընտրանքային ճանապարհներ, սակայն այս պահին Փոթի նավահանգիստը լաստանավեր չի ընդունում, քանի որ փոթորիկ է: Քննարկվում է նաեւ ավիափոխադրումներ իրականացնելու տարբերակը»; Անդրադառնալով Լարսի անցակետում ռուս սահմանապահների կողմից կոռուպցիոն չարաշահումների մասին լուրերին՝ նախարարը նշեց, որ հարցը բարձրացրել է Ռուսաստանի իր գործընկերների հետ հանդիպումների ընթացքում. «Ես վերջերս եմ եղել սահմանակետում: Այս թեմայով զրուցել եմ նաեւ մաքսային կետի ղեկավարի հետ, որոնք նշում են, որ նման խնդիր չկա: Սակայն մեր վարորդները ժամանակ առ ժամանակ խնդիրը բարձրացնում են, մենք էլ ժամանակ առ ժամանակ հարցին անդրադառնում ենք: Հասկացեք, մենք չենք կարող ինչ- որ բան փոխել Ռուսաստանում՝ մեր միջոցներով, սակայն ամեն ինչ անում ենք պետական մակարդակով շփումների ընթացքում»,-ասաց նա: