Ամանորին քաղաքապետարանը 20 մլն-ով պակաս կծախսի (տեսանյութ)
Այս տարի քաղաքապետարանը բոլոր տոնական միջոցառումները կանցկացնի ավելի զուսպ՝ պահպանելով, սակայն, տոնական տրամադրությունը: Ամանորի միջոցառումների զգալի մասը տեղի կունենա Ազատության հրապարակում: Միայն դեկտեմբերի 31-ի մեծ համերգը տեղի կունենա Հանրապետության Հրապարակում: «Ամեն տարի լույսերի վառման մեծ արարողություն էր լինում՝ համերգային ծրագրով: Այս տարի դա չի լինի»,- նշեց փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը՝ բացատրելով, որ պատճառը այս տարի տեղի ունեցած ապրիլյան քառօրյա պատերազմն է: Միջոցառումների եւ ձեւավորումների համար այս տարի բյուջեից տրամադրվել է 39մլն դրամ: Դա 20մլն դրամով պակաս է նախորդ տարիներից: Սակայն Արամ Սուքիասյանը չի կարծում, որ նախորդ տարիներին ճոխ ծախսեր են եղել. «Հանրապետության հրապարակում նախորդ տարիներին մոտ 20 օր բեմահարթակ ունեինք, ձայնային ու լուսային էֆեկտներ ունեինք, սա անշուշտ ավելի մեծ ծախս էր: Հիմա Ազատության հրապարակում խնայողություն է եղել, քանի որ ծավալները այնտեղ փոքր են»: