ՀՀ անկախության ամենագեղեցիկ խորհրդանիշները
Երեւանի քաղաքապետարանում այսօր բացվեց Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված ֆիլատելիստական միջազգային ցուցահանդես: Ինչպես նշեց ՀՀ ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, ցուցահանդեսին ներկայացված են 18 մրցույթային եւ 9 արտամրցույթային հավաքածուներ: «Նամականիշները մեր երկրի անկախության ամենագեղեցիկ խորհրդանիշներն են: Օրինակ, անկախ Հայաստանի առաջին նամականիշը՝ Արարատ լեռը եւ մեր եռագույնը: Ես ուրախ եմ, որ մեր մոտ անցկացվում է նման ֆիլատելիստական ցուցահանդես», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Իսկ ահա ցուցահանդեսի մասնակից Ռոբերտ Պողոսյանը կարծում է, որ Հայփոստը պետք է ավելի շատ հայրենասիրական թեմաներով նամականիշներ թողարկի, որպեսզի իր մասնակցությունն ունենա Հայաստանի անկախության ամրապնդման գործում: