«Տիկին Նաղդալյան, իմ ինտելեկտը չի հերիքում հասկանալու՝ ինչ եք ասում» (տեսանյութ)
Կառավարության հրավիրած ԱԺ այսօրվա արտահերթ նիստում, երբ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս հասցնելու դեպքում փոխհատուցման մասին նախագծերի փաթեթը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը կրկին շփոթել էր նախագծերը եւ նրա հարցերը մեկ այլ նախագծի մասին էին: ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը բացատրեց, որ նախարարի ներկայացրած փաթեթում ներառվել են մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր, այդ պատճառով այս փաթեթը քննարկվելու է առաջին ընթերցման ռեժիմով: Ի պատասխան Հրանտ Բագրատյանն ասաց. «Տիկին Նաղդալյան, իմ ինտելեկտը չի հերիքում, որ հասկանամ, թե ինչ եք ասում: Տիկին փոխխոսնակ, ինձ ընդհատեցիք, թույլ չտվեցիք խոսել, մինչդեռ ներկայացված փոփոխությունները այնքան էական են, որ չի կարելի դրանք ներկայացնել երկրորդ ընթերցմամբ»: Առաջին, թե երկրորդ ընթերցմամբ են քննարկումները, այս հարցը երկար քննարկվեց ու պարզաբանվեց ԱԺ դահլիճում: Լեզվակռիվ տեղի ունեցավ հարակից զեկուցող, ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանի եւ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի միջեւ: «Պարոն Փաշինյան, մի բղավեք տեղից, ես հասկանում եմ, որ դա ձեր վարքագծին բնորոշ երեւույթ է»,- արձագանքեց Կորյուն Նահապետյանը: