Այրվել և ոչնչացվել է 4 բնակարան. հարուցվել է քրգործ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորում բնակարանների հրդեհվելու դեպքի առթիվ: Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. դեկտեմբերի 5-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, կրակի հետ անզգույշ վերաբերվելու պատճառով այրվել և ոչնչացվել են Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ուկրիշին» թիվ 4-րդ տնակային ավանում գտնվող 4 բնակիչներին պատկանող բնակարանները և գույքը, որի հետևանքով վերջիններիս պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, ինչպես նաև բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին