Ռուբիկ Հակոբյանը ներողություն է խնդրել ոչ թե լրագրողից, այլ խորհրդարանից (տեսանյութ)
ԱԺ նիստի սկզբում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ երեկ լրագրող Վահե Մակարյանի հետ տեղի ունեցած միջադեպին՝ որակելով այն տհաճ. «Ցավ եմ զգում, որ այդ պատճառով որոշ լրատվական կայքեր, կազմակերպություններ ոչ դրական գնահատական են տվել խորհրդարանին: Մյուս կողմն այդ միջադեպի լրագրող չի եղել, այլ խուլիգան է եղել, որի հետագա գործունեությունը փորձել եմ կանխել»: Նա ներողություն խնդրեց ոչ թե լրագրողից, այլ խորհրդարանից, իսկ լրատվական դաշտին կոչ արեց հասկանալ, թե ովքեր են գործող որոշ լրագրողները. «Հարգելի լրատվական դաշտ, ճիշտ եք անում, որ քննադատում եք բռնությունը, բայց կխնդրեի, որ այն լրագրողները, որ պատվեր են կատարում խմբագրի, թերթի, մի քիչ ուսումնասիրեք, տեսեք՝ իրավունք ունե՞ն լրագրությամբ զբաղվել, թե ոչ: Բարձր եմ գնահատում լրագրությունը, կուզենամ, որ այդ դաշտում լինեն լրագրողներ և ոչ թե բանսարկու, տգետ անձինք»: