«Հարկատուների գումարները հավերժ չպետք է ուղղվեն «Նաիրիտ»-ին» (տեսանյութ)
ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հեղինե Բիշարյանը հարց բարձրացրեց «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ. «Կառավարությունը «Նաիրիտում» ներդրումներ անելու հայտեր է հավաքագրում, բայց անսպասելիորեն նոյեմբերի 28-ին գործարանը ճանաչվում է սնանկ, այնինչ դատական նիստը պետք է լիներ 2017 թվականի հունվարին: Բացի այդ, ըստ կանխատեսումների՝ գործարանը 100 միլիոն դոլարի պարտք ունի, որից 40-ը Երևան ՋԷԿ-ին է: Չե՞ք կարծում, որ կարելի է հարկային արտոնություններ տալ գործարանին, սառեցնել պարտքերը: Եվ արդյոք սնանկության արագացման մեջ միտում չե՞ք տեսնում»: Հարցին պատասխանեց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը: «Սնանկացումը ընկերության առողջացման տարբերակներից մեկն է: Գործարանը սնանկ է ճանաչվել, որ խթանի հնարավոր ներդրողներին: Ինչ վերաբերում է հարկային արտոնություններ տալուն, ապա երբ խոսքը գնում է ավելացված արժեքի հարկին, դա մի շղթա է, որի մեկ օղակ բացակայելու դեպքում տնտեսության մեջ քաոս կստեղծվի»,-նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ այսքան ժամանակ նաիրիտցիներին հարկատուների գրպանից է աշխատավարձ վճարվել. «Հայտարարվել է ներդրումային ծրագրերի հայտ: Կգտնվի՞ ներդրող, կվերագործարկվի «Նաիրիտը», չի՞ գտնվի, ապա պետությունը չպետք է հավերժ հարկատուների բոլոր գումարները ուղղի դեպի «Նաիրիտ»»: