Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կողմին տրամադրած նյութերն անընթեռնելի են (տեսանյութ)

Քաղաքականություն
gevorg-safaryan

Տարին արդեն ավարտվում է, բայց հենց  տարվա առաջին օրը  Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու հայտնի  գործը   դեռ  դատաքննության փուլում է, ընդ որում՝  երկու դատարաններում։ Գեւորգ Սաֆարյանը  պահանջում է փոխել իր կարգավիճակը՝  ամբաստանյալից դարձնել  տուժող։ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվեց նրա բողոքի լսումը՝    մյուս գործով տուժող ճանաչված ոստիկանի Գեղամ Խաչատրյանի կարգավիճակը փոխելու եւ  նրա դեմ գործ հարուցելու  վերաբերյալ։ Ինչո՞ւ գործ չի հարուցել վարույթ իրականացնող մարմինը,  դիմող  կողմը չի հասկացել իրենց տրամադրված նյութերից։ «Անգամ ձեր տրամադրության տակ  եղած նյութերը  անընթեռնելի են, հետեւաբար հնարավոր չէ նայել դատարկ թղթին եւ եզրահանգում անել, որ չկան վերջնական ապացույցներ, որ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ բռնություն է գործադրվել»,- դատարանում հայտարարեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Նրան  զարմացնում է նաեւ այն, որ Գեղամ Խաչատրյանի եւ Գեւորգ Սաֆարյանի միջեւ այս գործով առերես հարցաքննություն չի իրականացվել. «Շատ հնարավոր է, որ Գեղամ Խաչատրյանը առերես հարցաքննվելիս ասեր, հարվածել եմ, լավ եմ արել, ինչպես դա ասեց դատարանում մեկ այլ գործ քննելիս: Նույնիսկ ասեց, դու ինձ հայհոյել ես, ես քեզ պատասխանել եմ եռապատիկ հայհոյանքով»: Գեւորգ Սաֆարյանը  պնդում է՝ ինքը ամբաստանյալի աթոռին է հայտնվել նախաքննության սխալների պատճառով։ «Քննիչն արդեն կարդաց, որ  նախաքննությամբ չի ապացուցվել այն փաստը, որ քաղաքացիները հարվածել են ոստիկաններին, բայց ապացուցվել է այն հանգամանքը, որ ոստիկանները ինքնապաշտպանության համար հարվածել են քաղաքացիներին: Եթե քաղաքացիները ոստիկաններին չեն հարվածել, ոստիկաններն ինչից էին ինքնապաշտպանվում»,- ասաց Գեւորգ Սաֆարյանը: Դատախազը առարկեց ներկայացված բողոքի դեմ ։ Նրան  տեսակետը նկարահանել չհաջողվեց, քանի որ  դատարանի որոշմամբ  նախորդ նիստից արգելված  է  տեսանկարահանել վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչներին: Գործով դատական նիստը կշարունակվի հունվարի 23-ին: