«Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն սպանողները թմրամոլներ են». փաստաբան (տեսանյութ)
«Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի, սպանության գործով մեղադրյալ ճանաչված բոլոր վեց անձինք թմրամոլներ են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մեյթիխանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և դատատոքսիկաքիմիական փորձաքննությունն ապացուցել է, որ Եղիշե Խաչատրյանին դաժան ծեծի ենթարկած երիտասարդները եղել են թմրանյութի ազդեցության տակ. «Նրանք ոչ միայն այդ պահին են եղել թմրանյութերի ազդեցության տակ: Դատարանի որոշմամբ՝ գաղտնալսվել են նրանց հեռախոսազրույցները, որի արդյունքում գործից դուրս ևս մեկ քրեական գործ է հարուցվել նրանց նկատմամբ՝ թմրանյութերի իրացման հոդվածով»,-ասաց տիկին Պետրոսյանը: Փառանձեմ Մեյթիխանյանի խոսքով՝ ինքը պայքարելու է մինչև վերջ, բայց ոչ թե միայն իր և իր ընտանիքի համար, այլ, որ նման դեպքերը չկրկնվեն. «Իմ ընտանիքը ցմահ չի կարող այդ վիշտը մոռանալ, բայց պետք է պայքարել նման թափթփուկների դեմ, նման մարդասպանների դեմ և նրանց դեմ, ովքեր Ֆեյսբուքում կամ այլ սոցցանցերում այդ մարդասպանների մասին գրում են՝ իմ թագավոր ախպեր, շուտով կհանդիպենք»,-ասաց տիկին Մեյթիխանյանը: Փաստաբանն էլ հավելեց, որ գործով մեղադրյալ ճանաչված Յուրի Հակոբյանի պաշտպանը փորձում է ալիբի առաջ քաշել նրա համար, թե իբր սպանության պահին նա այդտեղ չի եղել, բայց փաստերն այլ բան են ասում: Ինեսա Պետրոսյանի խոսքով՝ գործով վկա Եղիշե Պետրոսյանի մայրը՝ Էմմա Աբրահամյանը, առաջին իսկ օրվանից պնդում է, որ իր որդուն վեց հոգով են ծեծել, սակայն փորձում են բարդել մեկի վրա, որ մեկ հոգի պատասխանատվության ենթարկվի: Գործով մեղադրյալ է ճանաչվել վեց անձ՝ Խաչիկ Քոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Յուրի Հակոբյանը, Արտաշես Չիչոյանը, Արթուր Զաքարյանը, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասով՝ մի խումբ անձանց կողմից դիտավորյալ սպանություն՝ խուլիգանական դրդումներով: Տաքսու վարորդ Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել պառակտման հոդվածով: Մեկ մեղադրյալ էլ գտնվում է հետախուզման մեջ: Հիշեցնենք, որ Եղիշե Խաչատրյանը սպանվել է հունիսի 4-ին՝ Նուբարաշենի խճուղում: