Մարդու անձնական տվյալները Հայաստանում պաշտպանված չեն (տեսանյութ)
Համապատասխան օրենքի ուժի մեջ մտնելուց հետո սայլը տեղից սկսել է շարժվել, այլապես մարդու անձնական տվյալները Հայաստանում պաշտպանված չեն։ «Հիմա փորձում ենք առանձնացնել ոլորտները ըստ խնդիրների: Առաջին տարվա համար մենք լուծում ենք անցանկալի հաղորդագրությունների խնդիրը, հաջորդը տեսահսկման համակարգն է եւ երրորդը անչափահասների անձնական տվյալների պաշտպանությունը: Գործունեության առաջին տարին այս ոլորտներից կսկսենք»,- ասում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը: Նույն ոլորտի վրացի մասնագետները քննարկման ժամանակ ներկայացնում են իրենց երկրի փորձը: Այնտեղ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը գործում է շուրջ 4 տարի: Վարույթների ու տուգանքների միջոցով արդեն հասել են բավական մեծ արդյունքների: «Մենք խնդիրը լուծել ենք նաեւ օրենսդրական փոփոխությունների շնորհիվ, հատկապես դատաիրավական համակարգում: Շատ կարեւոր է նաեւ տեսուչի գործառույթը: Մեզ տրված է բավական շատ լիազորություն: Մեզ մոտ գիտեն, եթե տեսուչը եկավ՝ վարույթից խուսափելն անհնար է»,- նշում է Վրաստանի անձնական տվյալների պաշտպանության տեսուչ Թամար Կալդանին։ Տեսուչի գործառույթ Հայաստանում չկա, բայց մենք չենք զիջում մեր ակտիվությամբ, վստահեցնում է Շուշան Դոյդոյանը: Խնդիրը Հայաստանում սահմանափակ ռեսուրսներն են. «Իրականում օրենքը բավարար է, որպեսզի հասնենք հիմնական նպատակին եւ ապահովենք անձնական տվյալների լիարժեք պաշտպանությունը Հայաստանում: Սակայն այն ռեսուրսները, որ տրված են գործակալությանը, խիստ սահմանափակ են»: Խնդիրներին ամբողջական լուծում տալու համար անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը կենթարկվի փոփոխությունների: Դա կլինի միայն 2017-ին ոլորտն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո: Մանրամասները՝ ռեպորտաժում