ՀՀԿ-ն չի բացառում, որ Սերժ Սարգսյանն է Գագիկ Ծառուկյանին գործուղել ընդդիմադիր դաշտ (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը կգլխավորի Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակը: Սա, ըստ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի, խառնել է ոչ իշխանական ուժերի բոլոր սցենարները. «Մարդիկ երեւի նստել են իրանց համար խորհրդարանը լեյտենանտ Շմիդտի որդիների նման բաժանել էին իրենց մեջ եւ Ծառուկյանի վերադարձը քաղաքականության մեջ բոլորի սցենարները խառնել էին»: Կուսակցությունը ցանկանում է, որ Գագիկ Ծառուկյանը կրկին գլխավորի Բարգավաճ Հայաստանը: Առաջիկայում այդ մարդը հրապարակայնորեն կասի՝ գլխավորելու է, թե ոչ: Տիկին Զոհրաբյանը համաձայն չէ, որ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցրել է իր վերադարձը քաղաքականություն. «Գագիկ Ծառուկյանը գալիս է, վերադառնալու է մեր երկրում լրջագույն համակարգային փոփոխություններ անելու»: Նաիրա Զոհրաբյանը հաջորդ հարվածն է հասցնում ոչ իշխանական ուժերին՝ Գագիկ Ծառուկյանը կվերադառնա որպես ընդդիմադիր. «Քաղաքական շաքարախտը շատերի մոտ բարձրացել է, դրա համար ինսուլին չկա խանութներում»: Իր քաղաքական ուժի շաքարախտով հիվանդանալու մասին ընդդիմադիր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Լեւոն Զուրաբյանը ոչինչ չի կարող ասել: Նա հասկանում է Նաիրա Զոհրաբյանի ասածի տողատակը, ըստ որի ընդդիմադիր ուժերը վախեցած են, որ Ծառուկյանն իրենց ձայներն է փախցնելու. «Եվ ոչ ոք իրավունք չունի անհանգստանալու վախենալու կամ խառնվելու այլ քաղաքացիների կողմից իրենց սահմանադրական իրավունքներից օգտվելու առիթով»: Պարոն Զուրաբյանը հիշում է, թե ինչքան հաջողված էր ոչ իշխանական ուժերի համագործակցությունը քառյակի եւ եռյակի շրջանակներում: Չհաջողվեց միայն իշխանափոխությունը. «Իհարկե, շատ տխուր եմ, որ չեղավ, որովհետեւ մենք լուրջ քաղաքական գործընթաց էինք ակնկալում»: Հանրապետականը դեռ մերժում է Ծառուկյան քաղաքական չարիքին: Սակայն Ծառուկյանի իրավունքն է՝ վերադառնալ, թե՝ ոչ: Այդ մարդուն «Դոդի Գագո» անվանած կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ իրենք երբեք մարդկանց վիրավորելու կողմնակից չեն. «Ես կասեմ, որ նույն գետը, նույն բացասական գետը երկրորդ անգամ չեն մտնի»: Ծառուկյանի մասին խորհրդարանի փոխնախագահը խոսում է որպես անձի կամ «էդ մարդու»: Նա տարակուսեց, երբ լրագրողներն ասացին, որ վերջին երկու տարում, իր բառերով, «էդ մարդը» չի փոխվել. «Հաստա՞տ: Կապրենք, կտեսնենք»: Պարոն Շարմազանովը տեղեկություններ չունի, որ Սերժ Սարգսյանն է Գագիկ Ծառուկյանին գործուղել ընդդիմադիր դաշտ. «Քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ»: