Բրիտանիան կանգ չի առնում կանանց ներգրավվածությունը մեծացնելու հարցում (տեսանյութ)
«Հայաստանում կանանց ներգրավվածությունը քաղաքականության և տնտեսության մեջ շատ ցածր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ նախագահ Լիլիթ Ասատրյանը: Նա վերջերս է վերադարձել Լոնդոնից, որտեղ մասնակցել է «Ապագայի կանայք» միջազգային համաժողովին: Լիլիթ Ասատրյանի խոսքով՝ եթե երկիրը ցանկանում է ունենալ իրական փոփոխություններ, ապա խորհրդարանում կանանց մասնակցությունը պետք է լինի 30 տոկոսի չափ. «Բայց մենք, ցավոք, շատ հեռու ենք այս ցուցանիշից: Մեր թերացումների, անհաջողությունների պատճառը, կարծում եմ, հենց այն է, որ կանայք իսկապես չունեն իրենց մասնակցությունն ինչպես խորհրդարանում, այնպես էլ տնտեսական ոլորտում»: Հանդիպմանը ներկա Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթն էլ ասաց, որ իրենք մշտապես աջակցում են Հայաստանին՝ կանանց վերաբերյալ օրենքների մշակման հարցում. «Կրթությունը և հատկապես կանանց կրթությունը շատ կարևոր նշանակություն ունի: Կանանց մասնակցությունը տնտեսության և քաղաքականության մեջ նպաստում է ժողովրդավարության ավելի լայն և խորը կայացմանը: Հայաստանում կանայք կազմում են բնակչության 50 տոկոսը կամ մի քիչ ավելին, ուստի խորհրդարանում նրանց ներկայացվածությունը պետք է լինի 20 տոկոս, այնինչ այսօր 10 տոկոս է: Իհարկե, ամեն մարդ ինքն է որոշում, թե ում օգտին պետք է քվեարկի, բայց հետաքրքիր է, թե Հայաստանի հաջորդ խորհրդարանում կանանց ներգրավվածությունը քանի՞ տոկոս կլինի»: Տիկին Ֆարնուորթը հավելեց, որ Մեծ Բրիտանիայի գլուխը կին է՝ թագուհին, վարչապետը նույնպես կին է, բայց անգամ դա չի բավարարում իրենց. «Մեր խորհրդարանում կանայք կազմում են 30 տոկոս, խոշոր բիզնեսներում՝ 20 տոկոս, բայց մենք կանգ չենք առնում այս ցուցանիշի վրա, փորձում ենք ռազմավարություն մշակել, որով ավելի լավ հավասարակշռություն կկարողանանք ապահովել»,-եզրափակեց դեսպանը: