Հարսանիք գնալու դեպքում պատգամավորը չի կարողանա նախապես քվեարկել (տեսանյութ)
ԱԺ Կանոնակարգ օրենքի քննարկումը բացառիկ էր. կարծում է ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։ Հիշեցնենք, օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ 93 կողմ ձայնով: ՀՀԿ-ական պատգամավորի դիտարկմամբ՝ ԱԺ Կանոնակարգ օրենքում կան մի քանի նորություններ, որոնցից նա առանձնացրեց հատկապես Քննիչ հանձնաժողովի վերաբերյալ կարգավորումը: «Այն հիմնական գործիքն է լինելու ԱԺ-ի փոքրամասնության ձեռքին, որ տարբեր հարցերի տա իր գնահատականը: Ցանկացած հարց ընդունվելու է կոնսեսուսով»: Պարոն Սահակյանի պնդմամբ՝ երբ ընդդիմությունը ցանկանում է որևէ թեմայով քննարկում կազմակերպել, այսօր չի կարողանում համապատասխան քանակի ստորագրություն հավաքել և տապալվում է: «Նոր կարգավորումով հեշտացվել է կարգը: Ավելի հեշտ կլինի ընդդիմության կողմից մտահոգիչ հարցերի քննարկումը տեղափոխել Ազգային ժողով քննարկման, բայց այն կլինի հրապարակային»: Ըստ առաջարկվող օրենքի՝ պատգամավորը կարող է քվեարկել՝ նախապես իմանալով, թե ինչ օրենք է դրվելու քվեարկության: Դա կարող է լինել միայն պաշտոնական գործուղումների, պարտականություններից ելնելով պարտադիր բացակայության դեպքում միայն. «Եթե մեկի բարեկամի հարսանիքն է, ու այդ օրը բացակայում է ԱԺ-ից, դա չի վերաբերում այս դրույթին և պատգամավորը չի կարող նախապես քվեարկել»: Խնդրահարույց է նաև պատգամավորի՝ խմբակցությունը լքելուց հետո ունեցած կարգավիճակի հարցը: Ընդդիմադիրները պնդում էին, որ սրանով իշխանությունը փորձում է մտնել այլ խմբակցություներ և թուլացնել դրանք: «Ընդհակառակը, մենք ուզում ենք ուժեղացնել խմբակցությունները: Պատգամավորը պետք է իմանա, որ խմբակցությունից դուրս գալուց հետո ինքը դառնալու է կես պատգամավոր, չի կարողանալու ընդգրկվել ԱԺ հանձնաժողովներում»,- հավելեց նա: