Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխատանքի փնտրտուք. Ո՞ւմ բախտը կժպտա (տեսանյութ)

Հասարակություն
nkar1-2

Մեկ  տարվա աշխատանք  փնտրելու ապարդյուն փորձերը  տնտեսագետ Սերգեյ Մովսիսյանին բերել են աշխատանքի տոնավաճառ։ 40 տարվա  փորձառությամբ  տնտեսագետը  գործազուրկ է դարձել  սրտի վիրահատությունից հետո։  60-ամյա տղամարդուն զարմացնում են գործատուների պահանջները. «Մարդիկ տարիքային սահմանափակումներ են դնում,  ոնց որ մոդա լինի, բոլոր տեղերում  գրում են՝ 35 տարեկան լինի, հետո բարձագույն կրթություն ունենա, բանակում ծառայած լինի, լեզուներ իմանա, էդ դարձավ արդեն 40, չի լինում էդպես: Աբսուրդի է նման: Բայց դե ինչպես ասում են՝ ով վճարում է, նա էլ պարը պատվիրում է»,-ասում է նա։nkar2 Որքան էլ աշխատանքի հայտարարություններում ներկայացվում են կրթական ու  փորձառության խիստ պահանջներ, այնուամենայնիվ, ծանոթ-բարեկամի միջոցով աշխատանքի ընդունվելու  արմատացած  սովորույթը  մեզանում դեռ չի վերացել: «Դա շատ խիստ արմատացած է մեր ազգաբնակչության մոտ, էնպես չի, որ վարչապետը փոխվել է,  նախարարները փոխվել են, վերացավ»,-նշում է Սերգեյ Մովսիսյանը։ Մեկ տարվա փնտրտուքները  տնտեսագետին տարբեր եզրակացությունների առիթ են տվել։  Մի աշխատանք ունենալը դեռեւս քիչ է. քանի որ առաջարկվող աշխատավարձը հազիվ կարող է բավարարել կոմունալ ծախսերին։ «Մեզ մոտ գների դիֆերենցացում չկա: Ռուսաստանն այսօր ամենազարգացած երկրներից չէ, բայց եթե այնտեղ թոշակի եւ աշխատավարձի դիֆերենցում են կատարում եռամսյակը մեկ, տարին մեկ, մեզ մոտ դա չի լինում: Բոլորս էլ տեսնում ենք՝ գների ինչ թանկացում է տեղի ունենում, դրամի ինչ արժեզրկում, ու այդ պայմաններում նույնիսկ աշխատանք ունեցողը էլի չի կարողանում: Մեկ տարի, երկու տարի հետո դա արդեն չի բավարարում»,-ասում է նա։ Սերգեյ Մովսիսյանը  կուզենար կրկին  իր մասնագիտությամբ աշխատել։ Բայց արդեն հույսը կորցրել է  եւ  դժվարությամբ, բայց աչքի տակ է անցկացնում նաեւ  մյուս առաջարկները։  «Ես փնտրում էի իմ բնագավառին, իմ մասնագիտությանը մոտ, բայց եթե այսպես է ստացվել՝  ոչ ծանր ֆիզիկական աշխատանք էլ կանեմ երեւի»,-ասում է նա։ Սերգեյ Մովսիսյանը,  սակայն, աշխատաշուկայի տաղավարներից մեկին չի մոտենում։   Թեեւ, ի տարբերություն մյուս  տաղավարների,  այստեղ հենց տնօրենն է  աշխատողներ փնտրում։  Նա չի կարողանա այդ աշխատանքը կատարել։  Կոշիկի արտադրամասին անհրաժեշտ են կոշկակարներ։  nkar4 Մեկ տարի առաջ Սիրիայից Հայաստան տեղափոխված Պետրոս Գևորգյանը Հայաստանում  արտադրամաս է ստեղծել  ընկերոջ հետ։ Առայժմ  դեռ   4 աշխատող ունեն։ «Մենք կպատրաստվինք նրան, որ նոր պատվերներ կլինեն, մենք լավատես ենք, որ պատվերներ կլինեն մեծ չափով»,-նշում է Պետրոսը։ 2016թ.-ի սեպտեմբերի 1-ի  դրությամբ աշխատանք փնտրողների պաշտոնական թիվը կազմում է 95.800 մարդ, որից 62.600 կանայք են։   Աշխատանք փնտրողները միայն գործազուրկները չեն։ Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 80.4%-ը կամ 77000 հազարը: Աշխատանք փնտրողների  թվում են այն աշխատողները, ովքեր ցանկություն ունեն փոխելու աշխատավայրը, ինչպես  նաեւ  ուսանողները, ովքեր կարող են համատեղել ուսումը և աշխատանքը։ Սեպտեմբերի 1-ի դրությամբ՝  Հանրապետությունում   առկա է  1877   թափուր եւ 1156 սպասվող  աշխատատեղ։  Գործատուի և աշխատանք փնտրողի հանդիպումը կազմակերպելու   նպատակով  Զբաղվածության պետական գործակալությունը կազմակերպում է աշխատանքի  տոնավաճառներ։ nkar5 «Ուրիշ բան է  գործազուրկներին ուղղորդել հիմնարկներ, իրենց կադրերի բաժիններ  կամ հեռախոսով  կապ հաստատեն, հարցուփորձ անեն, ուրիշ բան է,  որ տեղում աշխատանք փնտրողը եւ առաջարկողն իրար հետ հանդիպեն մեկ տեղում»,-ասում է Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը։ Վերջին տարիներին տարեկան 11  աշխատանքային տոնավաճառ է կազմակերպվում Հանրապետությունում։   2007թ-ից առ այսօր  կազմակերպված  74 տոնավաճառների  արդյունքում աշխատանք է  գտել  մոտ 5000 հոգի։ «Մեր հետազոտությունները,  տարիների փորձը  ցույց  են տալիս, որ 3 ամիսների ընթացքում ներկայացվող աշխատատեղերի առնվազն  60 տոկոսը լրացվում է: Այստեղ ոչ միայն թափուր աշխատատեղերն են լրացվում, այլեւ գործատուների մասին ինֆորմացիա են վերցնում, գործատուներն են CV վերցնում եւ անհրաժեշտության դեպքում կապվում շահառուների հետ, հրավիրում հարցազրույցի, այսինքն՝ դա մեկ օրվա, մեկ շաբաթվա, նույնիսկ երեք ամսվա գործընթաց չէ»,-նշում է   պարոն  Մանգասարյանը։ Մարզերում այսօր հիմնականում կա բժիշկների պահանջարկ, Երեւանում  ավելի շատ թափուր աշխատեղեր  կան սպասարկման ոլորտում։ Ըստ տարիքային ցենզի՝ գործազուրկների թվում  ամենամեծ տարիքային խումբը կազմում են  30-44 տարեկանները` 39.1%, երկրորդ խումբը՝  16-29 տարեկանները, կազմում են 24.4% ։ Գործազուրկների մեջ 45-54 տարեկանները  կազմում են  20.0%, 55-ից բարձր տարիքի անձինք` 16.5 %: Առաջին անգամ աշխատանք փնտրողների 40.5%-ը   երիտասարդներ են։ nkar3 Երեք ամիս առաջ զորացրված 24-ամյա Պետրոս Մարգարյանը փնտրում է կամ  էներգետիկի, կամ ֆինանսիստի աշխատանք։ Պետրոսը չի մտածում այլ մասնագիտությամբ աշխատելու մասին. «Եթե դու քեզ տեսնում ես ինչ-որ  ոլորտում, ուենս որակներ, որոնք քեզ կօգնեն աշխատել քո ցանկացած ոլորտում, այլ գործ եթե անես, դա քեզ խանգարելու է  քո նպատակին հասնելու համար»: Երիտասարդը աշխատանքը ընտրելիս հաշվի է առնում նաեւ աշխատավարձի չափը. «Հարցազրույցի մասնակցել եմ , ուղղակի աշխատավարձի չափը ինձ չի բավարարել։ Ես իրենց պայման էի դրել, որ 120 հազար դրամ աշխատավարձից եթե ցածր եղավ, չզնագահարեք ինձ, բայց զանգահարել էին,  95 հազար դրամ աշխատավարձով աշխատանք էին առաջարկում, գործն էլ հարմար գործ չէր»: Պետրոսն ասում է, որ վստահ է իր գիտելիքների եւ մասնագիտական որակների վրա, այդ իսկ պատճառով հավատում է, որ մի օր գտնելու է իր երազանքի աշխատանքը. «Որակյալ մասնագետը չի կարող անգործ մնալ երկար ժամանակ: Ժողովրդական խոսք կա, ասում են՝ տաշած քարը գետնին չի մնա:  Ընդունում եմ, որ ոլորտներ կան որտեղ ծանոթ-բարեկամը շատ է արմատավորված, բայց ոլորտներ կան, օրինակ՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների, որտեղ  ծանոթ-բարեկամը, կոպիտ ասած, չի աշխատում, ոչ մի տոկոս դեր չունի»: Այնուամենայնիվ, եթե իր փնտրտուքներն արդյունք չտան, ի՞նչ կանի նա. «Մնում է պահեստային տարբերակ՝  ցանկացած աշխատանք, միայն թե եկամուտ ունենաս: Բայց նմանատիպ ծրագիր չեմ նախատեսել, նմանատիպ սցենարը իմ համար ռեալ չէ»,-ասում է Պետրոսը։ nkar6 Սիրիահայ կոշկակար Պետրոս Գեւորգյանին  աշխատանքի տոնավաճառից  օրեր  անց  զանգեր է ստացել, բայց առայժմ միայն խոստումներ է տվել զանգահարողներին. «Աշխատողներ շատ կան, որ մեզի դիմեցին: Հիմա կսպասինք, որ գործերը զորանան, պատվերները շատանան, դրսի շուկան բռնենք, որ կարողանանք այդ աշխատողները մեզ մոտ բերենք»,-նշում է կոշկակարը։ Իշխանությունները  խոստացել էին օգնել Պետրոս Գեւորգյանին  դեռ ամիսներ առաջ, երբ նոր էր սկսում արտադրությունը: Աշխատանքի տոնավաճառին ու տարբեր ցուցադրություններին մասնակցությունն օգնել է վերջապես արագացնել այդ գործընթացը. «Հիմա նոր խոսքեր կան, որ մեզի պիտի տարածք տան: Տարածքներ պիտի տրվեն Կոմիտասի կողմերը։  Ասացին, որ մի երկու տարի անվճար պիտի լինի»: Պետրոս Գեւորգյանը հույս ունի, որ շատ շուտով կվերցնի ընկալուչը  եւ  աշխտանքի կհրավիրի կոշկակարներին։   Բայց առայժ կոնկրետ ժամկետ չի նշում. « Չենք կանխատեսում,  որովհետեւ մենք նոր ենք եկել, չենք գիտեր, թե որ թելերը, որ պարանները պիտի բռնենք, որ սկսենք»:nkar7 Այս տարվա  առաջին վեց ամիսներ ընթացքում Զբաղվածության պետական գործակալության միջոցով աշխատանքի  է  տեղավորվել  13425 անձ, բայց նրանցից 7285-ի աշխատանքը  սեզոնային է և ժամանակավոր։ Աշխատանքի տեղավորվածներից 2616-ը երիտասարդ են, որոնցից  802-ը ապահովվել են սեզոնային և ժամանակավոր աշխատանքով։