Քրեական խմբավորումն ու կուսակցությունն այլևս չե՞ն տարբերվի (տեսանյութ)
Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ հավանության արժանացած «Կուսակցությունների մասին» օրենքը նոր կուսակցությունների համար հող է նախապատրաստում լինել անպատասխանատու. կարծում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը։ «Տարրական բաները, որ կուսակցությունը քրեական խմբավորումից տարբերվում է, անգամ այդ կետերը չկան։ Մարդիկ հետո կհասկանան, թե որքան վտանգավոր է թույլ տալ անպատասխանատու գործել քաղաքական դաշտում՝ թեկուզ մեկ մարդու»։ Նոր օրենքով՝ կուսակցության գրանցումը մերժելու համար հիմք կարող է հանդիսանալ սահմանադրական կարգի բռնի տապալման մտադրության մասին կանոնադրության մեջ նշումը։ Քաղաքագետ Մանվել Սարգսյանի համար անընդունելի է մեկ հանգամանք ևս՝ գրանցվելիս նոր ստեղծվող կուսակցությունն այլևս պարտավոր չէ նշել, թե ինչ գաղափարախոսություն է դավանում։ «Ցանկացած խմբավորում, եթե ասում է՝ գիտեք, ես Սահմանադրական կարգը տապալելու ուղղությամբ գործողություն չեմ ծավալելու, արդեն ճանաչվում է որպես կուսակցություն։ Այսինքն՝ իշխանությունն ասում է՝ բոլորդ հայտարարեք, որ մեզ չեք տապալելու, դրանից հետո թե դուք ինչով եք զբաղվելու, բացարձակապես մեզ չի հետաքրքրում»։ Կուսակցությունը պարտավոր էլ չէ քաղաքացիներին խոստանալ, որ տարին երկու անգամ համագումար կհրավիրի, ծրագրեր կհստակեցվեն։ Մինչդեռ զարգացած իրավական պետությունները գնում են հակառակ ուղղությամբ։ Այդպիսի հասարակություններում ամեն կերպ խրախուսվում է կուսակցությունների միջև քաղաքական դիսկուրսը, գաղափարական քննարկումները։ Մանրամասները՝ տեսանյութում