Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լեւոն Պետրոսյանին մի դարձրեք ձեր հարազատը» (տեսանյութ)

Քաղաքականություն
galust-2

ԱԺ արտահերթ նիստում այսօր «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների մասին նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթում առաջին հերթին անդրադարձավ երեկ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ելույթի ժամանակ նիստը նախագահողների պարբերաբար միջամտությանը: Պարոն Զուրաբյանը կենտրոնացավ հատկապես ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին, որը բավականին կոպիտ արձագանք էր ունեցել Արամ Մանուկյանի ելույթից հետո. «Ով-ով, գոնե Հերմինե Նաղդալյանը որեւէ իրողությունների քննադատելու որեւէ իրավունք չունի, քանի որ չգիտեմ որեւէ այլ մարդ, որ այդ տարիներին այդքան համառորեն պաշտպանել, աջակցել, սատարել, նեցուկ է եղել, չգիտեմ՝ էլ ինչ հոմանիշ կարող եք գտնել ՀՀՇ իշխանությանն ու առաջին նախագահին: Ամենահետաքրքիրն այն է, որ ՀՀՇ գլխավորած հանրապետության ցուցակում նա զբաղեցրել է 221-րդ տեղը: Երբ նա խոսում էր, որ այդ թվերին ՀՀՇ-ն պոլի փեդ էր նշանակում, ես ուղղակի խորհուրդ եմ տալիս զգույշ լինել արտահայտությունների մեջ, քանի որ դրանք ուղղվել ասողի դեմ: Ու ս ա ընդհանրապես վերաբերում է բոլոր ՀՀԿ-ականներին. եթե մի կուսակցություն, որ իրավունք չունի որեւէ թթու խոսք ասել առաջին նախագահի ու ՀՀՇ հասցեին, դա հենց ՀՀԿ-ն է. ՀՀՇ-ի ու առաջին նախագահի կատարած բոլոր «հանցագործություններից» ու «սխալներից» հետո ՀՀԿ-ն ու նրա լիդերները՝ Աշոտ Նավասարդյանը, Գալուստ Սահակյանը, սատարել են ՀՀՇ-ին»: Անդրադառնալով քննարկվող նախագծին՝ նա նշեց, որ ՀՀԿ-ն քանդել է իրական ընդդիմությունը՝ խախտելով այն ֆինանսավորումը. ՀՀԿ այնպես է արել, որ գործարարները չֆինանսավորեն ընդդիմությանը. «Բավարար է հիշել «Բջնի»-ի պատմությունը, որպեսզի հասկանալ, որ անգամ տնտեսությանը վնաս հասցնելու գնով դուք պատրաստ եք ամրապնդել ձեր կուսակցության դիրքերը եւ վնասել ընդդիմությանը: Նաեւ դու մշտապես զբաղված եք եղել աճեցնել կեղծ ընդդիմություն՝ ռասկրուտկա անելով նրան: Այսինքն, ամեն ինչ արել եք, որ հանրապետությունում լինի միակուսակցական համակարգ»: Ըստ նրա այս նախագիծը լիբերալ է, մեծ առարկություններ չկան դրա վերաբերյալ, սակայն մեկ հիմնական հարց լուծված չէ՝ կուսակցությունների պետական ֆինանսավորման համակարգն է: Նրա ելույթին արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ ասելով. «ԱԺ նախագահը եւ նրա տեղակալները իրավունք ունեն արտահերթ ելույթի, սակայն այս անգամ ելույթ եմ ունենում, քանի որ իմ անունն է շեշտվել: Նախ՝ 1990-ականներին ՀՀՇ կուսակցություն չկար, ամբողջ ազգը ՀՀՇ էր: Լեւոն Պետրոսյանին (Գ. Սահակյանը լեզվի սայթաքում թույլ տվեց-խմբ.) մի դարձրեք ձեր հարազատը, նա ազգային գաղափարների մեջ է եղել, ու այնպես չէ, որ Աշոտ Նավասարդյանը հատուկ գովացել է Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ինչ վերաբերում է նրան, թե Հերմինե Նաղդալյանն ինչ-որ բան է ասել Արամ Մանուկյանին, վերջինս ինչ-որ բան է ասել, նա էլ արձագանքել է»: