Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչո՞ւ ՀՀԿ նախագահի պաշտոնում չի առաջադրվում այլ մարդ, բացի Սերժ Սարգսյանից» (տեսանյութ)

Քաղաքականություն
ashotyan

ՀՀԿ-ն ամենաժողովրդավար կուսակցությունն է: Վստահեցնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ըստ նրա, մինչեւ որոշումների կայացումը ՀՀԿ-ում գործում է կարծիք հայտնելու եւ բանավիճելու մեթոդը. «Մեր հարգարժան լրագրողները արդեն 10-15 տարի է գուժում են ՀՀԿ-ի աջ ու ձախ թեւերի բախումները: ՀՀԿ-ում տարբեր են եւ քաղաքական իմաստով, կուսակցության հարստությունը հենց այդ տարբերության մեջ է: Մենք կլոնավորված անդամների կուսակցություն չենք»,- ասաց Աշոտյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ի նախագահի պաշտոնը ստանալու համար չի առաջադրվում  որեւէ այլ մարդ, բացի Սերժ Սարգսյանից, այն դեպքում, երբ ինքն էր հայտարարում, որ «մարդ» կուսակցությունները պետք է վերանան: Անդրադառնալով  վարչապետ Կարեն Կարապետյանի կուսակցական դառնալուն Արմեն Աշոտյանը նշեց. «Իր դիմումով նա հաստատեց, որ ժամանակավոր մարդ չէ, հրավիրյալ չէ, գործադիր տնօրեն չէ կառավարությունում, ինքը ուզում է եւ պատրաստ է լինել քաղաքական կերպար, իսկ իրենից լավ չեմ կարող հիմնավորել, թե ինչու մտավ ՀՀԿ: Ինտրիգ կլիներ այն ժամանակ, եթե Կարեն Կարապետյանը չմտներ  ՀՀԿ»: Արմեն Աշոտյանը վստահեցնում է՝ ՀՀԿ-ն ազնիվ է գտնվել հասարակության հետ եւ տեղեկացրել է, որ խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում, ով է լինելու իրենց վարչապետի թեկնածուն. «Ուրախ կլինեմ, որ մյուս կուսակցություններն էլ ընտրությունների գնալուց առաջ ասեն, մեր թեկնածուն, վարչապետացուն կլինի ասենք՝ Վարդան Օսկանյանը կամ Նիկոլ Փաշինյանը»: Հարցին, թե արդյո՞ք Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում կմնա նաեւ 2018 թվականի ընտրություններից հետո, թե այդ պաշտոնը կստանձնի Սերժ Սարգսյանը,  ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց. «2018 թվականին, սահմանադրության համաձայն, կառավարությունը պետք է  հրաժարական տա, սա իրավական գործընթաց է: Կապրենք երկու տարի եւս եւ կտեսնենք: Եթե ինչ որ բան կարելի է գլոբալ առումով, ապա կարելի է բոլորին: Եթե ինչ որ բան քաղաքակիրթ է, ցիվիլ է, եվրոպական է, իրավական է , սահմանադրական է, ապա բոլորի համար է այդպես»: Վերջին երկու ամսում, վարչապետի անվան հետ կապված մամուլի հրապարակումների մասին խոսելով ՀՀԿ փոխնախագահը նշեց. «Լուր գնաց, որ գալիս է Կարեն Կարապետյանը, լրատվական դաշտի մի մասը գրեց՝ բերում են ժամանակավոր աշխատանքի: Հետո էդ նույն դաշտը սկսեց գրել մեկ ուրիշ բան: Այնպիսի արագությամբ են մոռանում ինչ են գրել, ոնց-որ Հայաստան- Մոնտենեգրո խաղը լինի, որ առաջին խաղակեսին ինչ ասես մեր հավաքականի մասին գրում էին, երկրորդ խաղակեսի վերջում, նույն մարդիկ, նույն համոզվածությամբ ու հրճվանքով՝ գրում էին ճիշտ հակառակը: Հիմա էդ նույն սեգմենտը սկսեց գրել, որ Կարեն Կարապետյանը մեկա լավ վարչապետ չի լինելու, որովհետեւ ինքը հրավիրյալ մարդ է: Հիմա էդ նույն մասը ասում է, վայ, էս Կարեն կարապետյանին ո՞նց մտցրեցին ՀՀԿ, ախր շատ լավ անկուսակցական վարչապետ էր: Նույն մարդիկ, դեմքի նույն արտահայտությամբ, 4 շաբաթվա ընթացքում, հայտնում են 3 իրարամերժ կարծիք»: